четверг, 27 декабря 2012 г.

"X", "Y", "Z"


-Բարև Ձեզ: Ես եկել եմ  "X" հայտարարության համար ու…
-Բարի, թողեք Ձեր տվյալները :
-Բաաայց, ես…..
-Ցտեսությու՛ն:
-Ցտե…
            Հերթական անգամ վերադառնում եմ`  զգալով դռան հարվածները: Անկախ ինձնից արդեն վախենում եմ դռներից, նույնիսկ հաջողության.. ու դրա համար էլ կորցրել եմ ամեն ինչ…իսկ  քամոտ անձրևը…հրում էր առաջ:
1 շաբաթ անց…
-Բարև Ձեզ, Դուք միացել եք   “Y” ծառայությանը. հերթագրվելու համար սեղմեք “1”, հրաժարվելու համար` “2”…………` “7”:
Ես չհասկացա  ու միանգամից  անջատեցի: Բայց չէ…. չէի անջատել , մի  անհասկանալի ձայն լսվեց մինչ կապի ընդհատումը:
2 շաբաթ անց…
-Բարև Ձեզ, Դուք առաջինն եք, շնորհավորում եմ:
-Ե՞ս, ե՞րբ, ինչի՞ համար, այսի՞նքն…
-Դուք առաջինն եք , շնորհավորում եմ ու վաղը….
-Մի վայրկյան, խնդրում եմ բացատրել, ի՞նչ է սա, ինչու՞ եք շնորհավորում:
-Դուք առաջինն եք հավատցել Ձեր ուժերին, շնորհավորում եմ: Վաղվանից  “Z” ծառայությունը սպասում է Ձեզ:
Տու-տու-տու –տուու
-Այ քեզ խեղկատակություն, սա՞ ինչ էր: Հերթական խաղեր են:
Հաջորդ օրը 11.25-ին:
-Բարև Ձեզ, Դուք առաջինն եք, ինչու՞ չեկաք, մենք սպասում էինք  Ձեզ:
-Լսե՛ք, դուք  ծաղրու՞մ եք, անիմաստ է . ես դա հասկացել եմ արդեն:
-Ծաղրե՞լ, ո՛չ, Դուք առաջինն եք ուղղակի, որ հավատացիք մեր ծառայությանը ու Ձեր հնարավորություններին ու “7” թիվը սեղմեցիք:
-Ե՞ս, ե՞րբ……..աաաաա , հիշեցի, (հիշեցի անձրևը ու զանգը) յո՞թ, բաաաաայց դա ինչ….
-Վաղը սպասում ենք Ձեզ, ցտեսությու՛ն:
-Ցտես…Ես հավատացի նրան, չէ `ինձ …

вторник, 20 ноября 2012 г.

Շնչակտուր երջանկություն


Բաժակն ընկավ ձեռքիցս …
-Չարը խափանվեց, - ջղայնությունը հազիվ զսպելով` ժպտաց մայրս:
Ախորժակս փակվեց ու եկա համակարգչի մոտ: Անիմաստ բաներով էի զբաղված, հետո բացեցի գիրքն ու սկսեցի կարդալ: Կարդում էի մտածում… այնքան խորացա, որ մառացա ինչի մասին էի կարդում,նորից հետ թերթեցի էջերը: Դա ավելի խանգարեց. հետ թերթեցի ոչ միայն գրքի էջերը… Անընդհատ գլխումս պտտվում էր ընկերոջս պատմությունը: Ինչու՞, որովհետև պատմությունները նույնն են , տարբեր են կողմերը ու այդքանով էլ տարբեր են  և պատմությունները: Լսելով նրանը հասկանում էի իմ պատմությունը ու  հասկանում , որ նույն վերնագիրն ունեն` շնչակտուր երջանկություն :  Միայն բովանդակությունն է տարբեր..
Չէ-չէ ավելի շուտ միայն վերնագիրն է նման: Չգիտեմ , խոսելիս զգում էի, թե մեզանից յուրաքանչյուրը, որքան շնչակտուր է սպասում երջանկությանը, այնքան շնչակտուր, որ երևի ունենալու դեպքում չենք էլ զգա: Էջերը թերթում էի ու մտածում` ինչի չենք գիտակցում , թե երբ ենք  մոտենում երջանկությանը կամ երբ ենք երջանիկ. ու ավելի շատ  սպասում ենք երջանկությանը, քան զգում` դա : Երևի երջանկությունը հենց այդտեղ է, ուղղակի մենք ենք շնչակտուր սպասում  …
Տասնյոթերորդ գլուխն ավարտեցի: Հիմա պիտի սեղանն հավաքեմ: Շնչակտուր սպասում եմ… 

среда, 14 ноября 2012 г.

Մեկ շնչառություն, մեկ քայլ...



-Մա՛մ, դուրս եմ գալիս արդեն: Էլի ուշ եմ գալու սեմինարի եմ, կզանգեմ…
Լսվեց ընդամենը` “ես քեզ սիրում եմ”, ու արդեն դրսում էի…
Դե ժամը յոթին դեռ մթնած է ու հնարավոր է այդքան երազած մութ փողոցները տեսնել հենց մթության մեջ:
Ես համարյա միշտ ուշադիր եմ: Այդ օրը հասկացա , թե ինչքան ուշադիր եմ եղել, որ չեմ նկատել կարևորը
Չնայած մարդիկ կարևորը երբեք չեն էլ նկատում, ուղղակի միշտ խոսում են դրա մասին:
Արդեն ցուրտ է .. ու մանավանդ այդ ժամերին ավելի է սրվում: Չգիտեմ ինչից էր, որ ամեն ինչն էի դիտում այդ առավոտ` տերևները, մթոտ լույսերը, շենքի միակ պատուհանից  ծխող մարդը/ի դեպ  սկսել եմ հաճախ տեսնել նրան/….
Բայց ամենատպավորիչը ես էի: Որովհետև երբեք այսքան խորը չէի եղել: Էդ րոպեին մի տեսակ դիսկոմֆորտ զգացի, բայց հիմա սիրում եմ այդ վիճակը: Ես սկսել էի լսել շնչառությունն ու քայլերս.. և ոչ միայն լսել: Ինձ դուր էր գալիս, երբ տրորում, ացնում էի տերևները, երբ սառը օդը նույնքան հաճույքով էլ ծակում էր կոկորդաս…
Մեկ շնչառություն, մեկ քայլ, հետո նորից մեկ շնչառություն , մեկ քայլ ու այդպես այնքան մինչև վերածվեցին ակորդի ու արդեն գիթառս էլ է  դա զգում ու սիրում…
Այդ ամենը շարունակվեց այնքան մինչև լսվեցին մարդկանց քայլերն ու շնչառությունը…
Էլ չեմ լսում ինձ…սպասում եմ առավոտվան..
-Մա՛մ, ես գնացի…

среда, 7 ноября 2012 г.

Շնորհավոր ծնունդդ…




















Եթե լինեիր` անդառնալին կլիներ ներկա, ես կվազեի, կգրկեի ու կասեի շնորհավոր…
Եթե շնչեիր ` գրկելիս կզգայիր այն, ինչ հիմա պատկերացնում եմ,
Եթե խոսեիր`մաղթանքներս անհասցե չէին մնա,
Եթե տեսնեիր`այսքան անհանգիստ չէի լինի…
Եթե  քնեմ ու մոռանամ` ծաղիկների փունջը , բնությունը առաջինը  կշնորհավորի,
Այն ծաղիկների, որոնք ավելի մոտ են հիմա քեզ, քան ես,
Այն բնության, որ հաղթեց,  “տապալեց” քեզ:
Իսկ մինչ բնության շնորհավորանքը, շնորհավորում եմ ես,
Թող առաջինը ես շնորհավորեմ, չէ՞ որ առաջինն եմ,
Թող բացառություն լինի այս անգամը,
Թող գոնե հիմա  առաջ ընկնեմ ու հաղթեմ բնությանը…
Շնորհավոր ծնունդդ…

понедельник, 5 ноября 2012 г.

Վարսիկի աշունը


-Ուշադիր՞ ես… Տե՛ս, փախչու՛մ է, թաքնվում այն ծղոտե տանիքի տակ, ու թվում է` պաշտպանվում է: Դե՛ն նետիր այդ փայտը, նրան վախեցրիր, իսկ հայացքդ, հայացքդ անդունդների խորությունն ունի, նա վախենում խորությունից,-ասաց Վարսիկը դողդողացող ձայնով:
Արևածագի ծակող լույսը մտավ սենյակ, ճեղքեց անձրևաջրից տարբեր նախշեր ստացած ապակին ու արթնացրեց ինձ:
-Վարդի, դեռ քնա՞ծ ես:
-Արդեն , չէ: Ինչու՞ ես այսքան շուտ արթնացել, այսօր կիրակի է:
-Ինչպես ամեն կիրակի դու մոռանում ես ինչու եմ շուտ արթնացել, այսօր ինձ տանելու ես այգի, որ խաղամ դեղձանիկների հետ, նրանք սպաասում են ինձ:
-Վարս, ախր սա միակ իմ ազատ օրն է, ես հոգնած եմ ու ցանկություն չունեմ տեսնել այդ անկյանք ու փոքր թռչուններին, որ չգնանք, նրանք չեն էլ նկատի դա…
-Բայց, ախր..
-Ոչ մի ախր, գնա՛ , գնա՛, դաշնամուրիդ դասերը սովորիր՛:
-Ախր, նրանց խոստացել էի,- քթի տակ խոսելով ու մտամոլոր դուրս եկավ սենյակից:
Վարդին քնեց ու կեսօրին նոր դուրս եկավ սենյակից: Բոլորը վաղուց արդեն ճաշել էի ու հիմա պատրաստվում էին վայելել խոտաբույսերով թեյը: Միայն Վարսը չկար:
-Ու՞ր է Վարսիկը, մա՛մ:
-Չգիտեմ , սենյակից դուրս չի գալիս, ասում է զբաղված է:
-Պարզ է, իսկ քեռի  Սենիկը բերե՞ց այն երկու հանրագիտարանները:
-Այո՛, դրանք Վարսիկի մոտ են:
Շունը մոտեցավ ու սկսեց քսմսվել Վարդիին:
-Կորի՛ր, զզվելի՛ կենդանի. մի՞թե չեն հասկանում, որ զզվելի են ու խանգարում են, հեռու՛ քաշվիր,-ոտքով մի կողմ նետեց խեղճ կենադանուն ու  բարձրացավ վերև:
Վարդին դեռ փոքր տարիքից չէր սիրում կենդանիներ, թռչուններ ու միշտ վերաբերում էր նրանց` անկենդան ու անզգա մարմինների:
-Վարսի՛կ, վերևու՞մ ես:
Ձայն չկա, մոտեցավ դռանը:
-Վարսի՛կ, բացի՛ր դուռը, դասերդ ստուգելու եմ եկել:
Մտավ սենյակ:
-Վա՛րս, ինչո՞վ ես զբաղված, ինչու՞ մինչև հիմա չես արել ոչինչ, փոխարենը զբաղվում ես այս հիմարություններով: Հանրագիտարանում ավելի հետաքիր բաներ կան, քան դեղձանիկի նկարները, արի՛, արի գնանք պարապենք:
-Վարդի, ախր հասկանում ես, որ ես սիրում եմ նրանց ու ես պատրաստվում էի գնալ նրանց մոտ, ես սպասում էի ամբողջ շաբաթ այսօրվան, նրանք էլ սպասում էին ինձ: Հիմա երևի նեղացել են…
-Ինչ հիմարություններ… Վարս հասկանում ես, այդ քո սիրելի դեղձանիկները հիմա երևի թռչկոտում են, ու ինչ նեղանալու մասին է խոսքը, նրանք չունեն մարդկային ուղեղը, չունեն բանականություն և ոչինչ չեն հասկանում: Եթե այդքան շատ ես ուզում վաղը դասերից հետո կգնանք ու կխաղաս նրանց հետ:Միայն թե հիմա արի պարապենք:

Վարսիկը նորից ուրախացավ, նա նորից սպասում էր վաղվան, բայց արդյոք դեղձանիկները նույնպես սպասում էին… Ամբողջ գիշերը Վարսիկը խաղեր էր մտածում, հուզմունքն այնքան ուժեղ էր , որ մթությունն անգամ չխանգարեց պատկերացնել հաջորդ օրը: Առավոտյան արդեն ժամը ութին նա պատրաստ էր:
-Վա՛րս, չմոռանաս անձրևանոց վերցնել , ինչ-որ ամապամած է:
-Հիմա…
-Անց տասնհինգ է , Վարս, մի քիչ արագացրու ես դրսում սպասում եմ:
Ժամանակը չէր անցնում, Վարսիկը անընդհատ ժամին էր նայում: Երբ զանգը տվեց նա կայծակի արագությամբ դուրս թռավ, այնպես, որ մոռացավ տետրը հանձնել:
Վարդին սպասում էր նրան մեքենայի մեջ: Աշնան մեղմ անձրևը չէր խանգարում ոչ մեկին: Մոտավորապես ժամը երեքին հասան այգի: Անսովոր աշնանային լռության մեջ միայն անձրևի կաթկթոցն էր լսվում, իսկ դեղձանիկները դեռ չհասցրած աչքերը փակել արդեն քարացել էին:
Վարսիկը սռած նայում էր երկու դեղձանիկներին: Անձրևի կաթիլները խառնվել էին արցունքի հատիկներին ու դեմքի  վրայով հոսում էին  առանց ընդհատումների: Վարդին կանգնած նայում էր ու տեսնում, որ սպանել է,  սպանել է աշունը, սպանել է այն աշունը, որին սիրում էր Վարսիկը, իսկ Վարսիկը, Վարսիկն էլ իր աշունն էր…

"Ուշադիր՞ ես… Տե՛ս, փախչու՛մ է, թաքնվում այն ծղոտե տանիքի տակ, ու թվում է` պաշտպանվում է: Դե՛ն նետիր այդ փայտը, նրան վախեցրիր, իսկ հայացքդ, հայացքդ անդունդների խորությունն ունի, նա վախենում խորությունից...."

среда, 31 октября 2012 г.

Իմ անցյալում ներկա ճոճոնակը...


Չեմ ուզում խոսել ջնջխված սիրո, սիրառատ ատելության կամ պլատոնական սիրո մասին: Որովհետև առանց այդ էլ քննարկման պակաս չունեն: Ուզում եմ ընդամենը խոսել մի հին ճոճոնակի մասին, իմ մանկության ճոճոնակի մասին, որի ճռճռոցը ուրախացնում էր ինձ ամեն անգամ,երբ չէի ուզում տխրել: Լինում ա չէ, որ տրամադրված ուզում ես պարապել, ստեղծագործել, մի հետաքրքիր բանով զբաղվել, բայց չի լինում: Ասում ես` դե լավ, ժամանակը չի: Բայց հենց  այդ ժամանակն է, որի կարիքը հիմա ունեմ: Իսկ մինչ հիմա միշտ նման պահերի հայտնվում էի ճիշտ տեղում , ճիշտ ժամանակին, քանի դեռ կար իմ ճոճոնակը...
 Միանգամից վազում էի դուրս ու այն ճոճանակը, որի պարանները վաղուց փայտացել էին և որը գրկաբաց ու փոշոտ սպասում էրինձ:
Թվում է` ոչինչ չես անում, հանգստանում ես, ընդամենը մի քիչ ջանք ես գործադրում ճոճորվելու համար: Բայց շատ բաներ այդտեղ էի հասցնում անել: 
Կարող է հիմարություն է , բայց նկատել եմ, որ հին, մաշված,կիսափրկված իրերը ինձ ահավոր գրավում են: Դրանք մի տեսակ անցյալ ունեն, անցյալ ես էլ ունեմ , դրանք նույնը չեն, իհարկե, բայց անցյալ են չէ՞… Մարդը չի ապրում անցյալով, այլ ապրում է ներկայով . ուղղակի ներկան որսալ հնարավոր չէ, քանի որ մի ակնթարթ է, մի վայրկայն … ահաա.. անցավ ներկաս արդեն գրում եմ անցյալի մասին: Անցյալն ու ներկան հատվող են, բայց ոչ համընկնող:
Ճոճոնակս էլ գիտի դա : Ամեն թռիչք անցյալից սկսվում է, ապագայում ավարտվում ու սա կատրվում է ներկայում: Կա վտանգ` ներկան “կպոկվի” ու ես կընկնեմ մի տեղ , որտեղ հստակ չեմ գտնի ժամանակը, կլինեմ անժամանակ ներկայում: Ու շատ հիշողություններ ու երազանքներ կմնան օդում կախված: Ինչ-որ մեկը կսկսի ճոճորվել ու հասնել դրանց : Ներկայում կկորցնեմ ներկան , իսկ ներկայի համար էական չի ես ներկա եմ , թե … թե անժամանկ հայտնված մեկը , ով կորցրել է իր ճոճոնակը... երևի  ճոճոնակն արդեն ուրիշ ներկայում է ու ուրիշ ներկայինը...

понедельник, 29 октября 2012 г.

Դատարկախոսել մեկ-մեկ խոսելով...



















Դատարկախոսել  մեկ-մեկ խոսելով,
Երբ շուրջդ գիտունները կսկսեն լռել,
Հիմարներն անգամ իմաստուն խոսել,
Խուլերը` լսել,
Համրերը կսկսեն ինքուրույն խոսել:

Քամու շշվշվոցը կդառնա խոսուն,
Քարերն անգամ կսկսեն խոսել,
Հողում դեռ վաղուց մեռած ձայնները բարձրաձայն լռել,
Լռության մեջ չտեսնել ոչինչ,
Մթության մեջ լսել ամեն ինչ:

Քնի մեջ ապրել հիմա ու այստեղ ,
Արթնանալ խոսել երազի մասին...
Նայեմ ու տեսնեմ քեզ պառկած կողքիս,
Բայց չկարողանամ հասնել այն մտքիս,
Որ կհամարձակվի  ասել կներես….

четверг, 25 октября 2012 г.

Իմ աշունը...



Աշնան տերևն անգամ գիտի, երբ կարմրել...

                                             
                                                     Մեկ-մեկ ժպտալ, թևավորվել,



                                                 Մեկ արտասվել, մեկ էլ խամրել,


                                            Պայծառանալ, շողարձակել , լուսավորել,
                                           


                                         Մեկ-մեկ սառել ու դադարել տերև լինել...


                                         Չէ-չէ , մնալ , լինել տերև,
                                         Բայց միանգամից չնկատվել...


                                        Ու երբ տեսնեն ու բարևեն` ժպտա նորից...
           
                             Երբ պատկերը դառնա աղոտ, չմեղադրես  հանկարծ քամուն,

               
                                     Նա կտանի քեզ հենց այնտեղ, ու ր կա անմեռ,
                                     հավերժ աշուն...



                                                    Կարտացոլվես ու կտեսնես քո նմանին


 
                                   Կմիանաք ու կդառնաք այն աշունը, որ սիրեմ ես...


                                  Ու կլինի տարօրինակ, ոչ ստանդարտ ու աննկատ,
                                  Դա կլինի իմ աշունը...

Դեմքերը ձանձրացնում են


Եթե ամեն երկրորդը լիներ անդեմ, կյանքը շատ ձանձրալի կլիներ, բայց առանց այդ էլ ձանձրալի է, երբ դեմքերն են ձանձրալի, դա ավելի վատ է..
Երբ քայլում ես փողոցում ու տարբեր դեմք չես գտնում, բոլորը տարօրինակ են նայում քեզ, որովհետև նման չես իրենց: Խոսքս ցեմենտ-բետոն, եվրո-ռեմոնտ արած դեմքերի մասին է,  որոնք օր օրի կատարելագործվում են ու դառնում գարշելի: Չեմ զարմանում,  ուղղակի հոգնում ես ամենօրյա գույներից ու դեմքերից: Ուզում ես նոր գույն , նոր դեմք, որը արհեստական չլինի ու արհեստական չլինեն նաև մարդկային պարզ հարաբերությունները: Որ ամեն անգամ չլվացվես ու չքանդես այն ամենը, ինչ շքեղ է արտաքուստ , բայց հիմքերը խարխուլ են , ինչպես մեր հոգիները,  և որ ամեն վայրկյան ապացուցում ենք , որ  կենդանի անհոգիներ ենք:  Ձանձրանում եմ արդեն այդքան խոսելուց, որովհետև գիտեմ, որ բան չեմ փոխում. կարդում են մարդիկ, ցավում, մտածում ու վերջ:
Առավոտյան նորից այդ նույն դեմքերը, նույն անտարբերությունը, սառնությունը, նույն մտքերն ու խոսքերը... նույնն ու ձանձրալին...
Գնամ լվացվեմ...երևի ես էլ եմ հերթական դիմակավորը...

воскресенье, 21 октября 2012 г.

Այսօր իմ թալիսմանը ռետինն է..


Էս վերջերս ռետինն է իմ թալիսմանը: Ջնջում եմ, ջնջում, հանգստանում` էլի ջնջում: Էնքան մեխանիկական էր, որ արդեն դատարկ էջն էլ էի ջնջում: Ու ջնջելուց մի տեսակ հանգստանում էի. շունչս պահած ընկած էի տառերի հետևից: Հետո սկսեցի թերթել, թերթել ու նորից թերթել ու տեսա այնքան մաքուր էջեր, որ ամաչեցի: Վերջին ժամանակներս ոչինչ չստեղծել ու չբացահայտել...
Ինչքան դատարկ եմ ու ինչքան էջեր եմ դատարկել: 

Պոտենցիալ ստեղծագործությունները ռետինին են ենթարկվել ու ես էլ...
Նոր ասացի սկսեմ գրել, բայց հասկացա, որ բան չունեմ գրելու ու սկսեցի գրել: Դատարկությունն էլ մինչև վերջ դատարկ չի: Հիշում եմ վերջին շրջանում ինչքան դատարկաբանությամբ եմ զբաղվել, որ հիմա չգիտեմ ինչպես դատարկվեմ: Երևի կվերադառնամ սկզբնակետ: Կսկսեմ նորից լրացնել ամեն դատարկ էջ յուրովի կամ դատարկել` բացահայտելով նոր մաքուր էջ... 

среда, 10 октября 2012 г.

Փոշոտ լույս



Էսօր,  երբ մի տեսակ անտարբեր էի ամեն ինչի նկատմամբ,  ամենաշուտը զգացի դա ու այնտեղ ես մենակ էի…
Երբ ամբողջովին մութ էր ու անկեղծ մի փոքր անհանգստություն կար` ողջ -առողջ տուն կհասնեմ, թե ոչ, երբ ամեն ինչ կորել էր կամ կորցրել էի ու երբ անտանելի գխացավը ոչ թե հոգնածությունից էր, այլ` մտքերից, ես տեսա… Տեսա անլույս մթության մեջ մեքենայի ֆառի  առաջ տակնուվրա եղած, բարձրացող փոշին….

Անկախ քեզնից ուրախանում ես ու գնում, մխրճվում փոշու մեջ, ու տեսնում ես մթությունը, որից բաժանվել ես ընդամենը մեքենայի մեկ ֆառով:  Այնքան բան տեսա այդ փոշոտ լույսի մեջ, որ բնական լույսը մթեցրել էր իր պայծառությամբ: Այնքան բան բացահայտեցի, որ ինքս ուղեկցեցի X-ին դեպի տուն ու նա հանգիստ էր… հիմա արդեն ես էլ…

понедельник, 8 октября 2012 г.

Դուք և Ուրիշները…



Մեկ-մեկ , երբ տեսնում ես ոնց են ուրիշները ուրախանում դու էլ ես դառնում նրանց նման ու դառնում ես ուրիշ: Իսկ այդ ուրիշը ավելի լավն է, ավելի կատրյալ, ավելի ցանկալի…

Երբ փոքր, բայց միլլիոններ արժեցող հրավառություն ես տեսնում պետք է ուրախանաս, ոնց թե,  ախր ՊԵՏՔ է: Իսկ երբ “քո” հրավառությունն է, աշխատում ես միայն դու տեսնես, որ հանկարծ ուրիշներին պատահմամբ չվնասես ու եթե անկեղծ ուրիշներին չի էլ հետաքրքրում…

Երբ գոռում են այդ նույն ուրիշները, դու էլ ես գոռում, որ քո վրա հանկարծ չգոռան, իսկ  երբ ամնեքը լուռ են և ուզում ես գոռալ , միևնույն է  չես գոռում, երևի պատճառը նույնն է..

Երբ բոլորը վերադառնում են տուն, իսկ դու դեռ դրսում ես, աաաայ այդ ժամանակ դու էլ ուրիշ չես, չկան էլ ուրիշները և դու ևս մեկ անգամ հասկանում ես` որքան հեռու եք Դուք և Ուրիշները

P.S աայ դե ինչ լավա հիմա, երբ անկեղծ եմ ինձ հետ.....

четверг, 4 октября 2012 г.

Ցանկացած "նկատելի" ունի իր դատարկությունը

Երբեմն էն դատարկությունը, որ լցրել ես անգույն ժպիտներով, "անհիմն" հումորներով, տաղտկալի դեմքերով, սիրով, զզվանքով, էժանագին մտքերով, բրենդային բամբասանքներով, վիրավորանքով, գյուտարարությամբ, գիշերը մի ինչ-որ ժամի, ինչ-որ տեղում սկսում է զրնգալ:

Զրնգում է ու հասկանում ես, որ դատարկ ես: Մինչ այդ քեզ թվում էր` հիմա կպայթես "լիությունից" ու երբեք ժամանակ չես ունենա մտածել դատակության մասին:
Դատարկության մեջ աննշան մի բան նկատելի է, իսկ ցանկացած "նկատելի" ունի իր դատարկությունը, որը աննկատ է ու նկատում ես միայն ինքդ...

Քեզ նկատում են բոլորը ու դրանով էլ ավելի է մեծանում դատարկությունը...

среда, 3 октября 2012 г.

Անսովոր "սովորականը"


Տու-տու-ու... հերթական անգամ զանգը ընդհատվեց: Ու այն անտանելի աղջկա սովորական ձայնը անսովոր դուր եկավ ինձ: Չեմ ասի , որ տխրեցի,բայց էլ ուրախ չէի: Սովորական, միօրինակ ամեն ինչ կատաղեցնում է ինձ, նույնիս ընդհատված հեռախոսակապը, բայց... Բայց այդ օրը, որքանով թվում էր սովորական, այքան հիմա շատ եմ սիրում այն.. ու անսովոր եմ սիրում: Ու սկսեցի սիրել անսովոր տհաճը:
Երբ որ անձրևը սովորական չի, ես էլ եմ սիրում: Իսկ սովորական մի օր , երբ հանկարծ անձրևի, ես չեմ սիրի այն: Նախընտրում եմ ապրել անսովոր, որ սիրեմ անձրևը: Կար ժամանակ, որ հստակ գիտեի` անձրև չեմ սիրում, բայց հիմա... Հիմա էլ սովորական չի ոչինչ...
Քայլել, զգալ սառը կաթիլների վազքը.. ու հանկարծ սկսում  ես դու էլ վազել, փախչել, բայց ինչու՞, ինչի՞ց. երևի , որ բոլորը վազում են դրա համար կամ էլ  երևի կաթիլների՞ց....Բայց, որ ես արդեն սկսում եմ սիրել նրանց ... չէ-չէ նրանք անսովոր կաթիլներ են...

понедельник, 1 октября 2012 г.

Կառչած մի մտքից...





















Կանգ առնել մտքում,
Այնքան հարմար է….
Անվերջ մտքերն են դես ու դեն գնում,
Իսկ դու կանգնած ես:
Կառչած մի մտքից աջ ու ձախ անում,
Մյուս մտքերին ցաք ու ցրիվ անում,
Սիրում այդ մտքին, թաղում մտքերին,
Կառչած մի մտքից:
Էսթետիկ հաճույք, իրական դժոխք,
Խաղում մտքի հետ,
Քրքրում, քանդում, նորից  կապկպում
Ու նորից խաղում…
Չգիտես ո՞վ ես,  “ու՞մ”  ես որոնում,
Բայց մեկ է նորից քանդում, թափրտում,
Հոգնած աշխարհից, անլուրջ մտքերից
 Կառչած մի մտքից…
Ու դարձյալ քաոս,
Մտքում լուսավոր, հեռավոր փարոս,
Որ տանջում է ինձ
Ու քարկապում բոլոր մտքերիս.
Կատաղած ամեն հիմար օրնեքներ թափվում են գլխիս,
Բայց ես կառչած եմ դեռ  այն հին մտքից…

четверг, 27 сентября 2012 г.

Ֆրունզիկ vs Justin



Որոշել էի բլոգումս նամն  դեպքերի վրա չֆիքսվել. առանց այդ էլ շատ են քննարկում: Բայց երբ կա ազդակ, ենթադրվում է, որ պետք է լինի նաև պատասխան ռեկցիա: Ու անհնար է չանդրադառնալ, քանի որ ամեն օր տեսնում եմ, ցավում... 
Գիտեք, երբ արթնանում, տեսնում ես մի “սիրուն բան” անկախ քեզնից սիրում ես: Երբ այդ “սիրունություն’’-ը կորում է սկսում ես ատել, բայց ու՞մ: Աաայ, խնդիրը հենց այստեղ է : Նման պահերին հիշում ենք մեր ազգային պատկանելիությունը, ազգային առանձնահատկությունները, ու լայն բառապաշարը սահմանափակ ուղեղներին չի հասնում անգամ: Էս դեպքում ատում ես  ու՞մ ` ինքդ քեզ ,դա ավելի մեծ ցավ է…բայց ես սիրում եմ ինձ: Ստացվում է մենք չենք մեղավոր: Իսկ ո՞վ է`իհարկե “նրանք”: Ու սկսում ենք ատել “ նրանց” : Ստացվում է` չգիտենք ով է արել ու ատում ենք: Սա շատ ավելի վատ է: Եվ  սա էլ պատճառն է նման այլանդակությունների դրսևորման: Չափից շատ ենք ատում… Մի բան, որ նորմայից դուրս է արդեն ադապտատիվ խնդիր է առաջացնում: Իսկ Ֆրունզիկի արձանը,  մեր հասարակության համար արդեն նորմա չէ, ավելին, արձանի մեր կողքին հայտնվելը ,առավել ևս: Չեմ ուզում ասել, բայց կասեմ. “ շուտ ա մեզ համար”: Եթե լիներ, օրինակ, Justin Bieber-ի արձանը, հմմմմ... Պատկերացնում եք ինչ ազգային խրախճանքի կվերածվեր  ու ինչ "հսկողություն" կլիներ. երևի արձանի կողքը մարդիկ կքնեին, չէ որ... Բայց  ասեմ, որ Ֆրունզիկի արձանով էլ  քիչ մարդիկ չէին ուրախանում: Բայց դե հիմա...
 Է՜հ, մի ահավոր բան եմ զգում ու չեմ կարողանում հայերենի ամենաճոխ բառապաշարով ներկայացնել: Ուզում եմ գոնե մի հատ թել գտնեմ, կառչեմ դրանից ու հավատամ , բայց չեմ կարողանում… Հետո, որ մի քիչ երկար մտածեցի գտա, հա (պատկերցնում եք, որ ավելի շատ մտածեմ.....): Իհարկե, կա մեղավոր :Բայց ո'չ "մենք" ենք , ո'չ "նրանք" : Մեղավորը ժամանկն է: Իսկ հիմա ժամանակը չէր, բայց փորձենք սպասել ու հավատալ այդ անորոշ ժամանակին: Երբ հանգիստ կլինենք, որ Ֆրունզիկը ապահով է ու ֆեյսբուքում էլ մեր ազգապաշտպան  դիմակով չենք դրդի մարդկանց ատելության: Կարևորը , որ չատենք. մեղավորին էլ արդեն գտանք!

понедельник, 24 сентября 2012 г.

Ապրում է մարմնով մարմնից դուրս …



Անասելի գեղեցիկ էր… Սահմանափակ մարմինը  անեզր գեղեցկությամբ էր լցված:
Իսկ հոգին, հոգին  նեխել էր իրեն շրջապատող աղբի կողքին: Ամեն երեկո բերում ու աղբը թողնում էին այնտեղ, թափում, փչացնում գեղեցիկը , իսկ նա օր օրի գեղեցկանում էր… Երբ լուսանում էր, բոլորը հինաում էին նրա գեղեցկությամբ, մոտենում էին շնչելու առավոտվա ցողաշատ թարմ օդը, բայց այն նեխած էր: Միանգամից հետ էին քաշվում: Մեկ քայլ դեպի նա ու երկու քայով հեռանում էին նրանից: Իսկ նա քնած էր… երևի այդպես էր ճնշում իր մեջ կուտակված աղբին:
Կեսօրին  ուժեղ անձրևեց:  Անգամ  անձրևը չմաքրեց ողջ կեղտը: Այն տարիների արդյունք է ու հետքերը խորն են: Իսկ այս մարդկանց համար սա անբնական գեղեցիկ էր: Նրանք ձգտում էին դեպի նա, ձգտում, ձգտում ու վայելում հեռվից: Վախենում էին հոգուց, որն այնքան փչացած էր, որքան գեղեցիկ էր մարմինը: Վախենում էին վարակվելուց, անընդհատ հեռու պահում իրնենց, ստում էին, հեռու պահում բոլորին: Բոլորը փախչում էին ….
Մի առավոտ, երբ հերթական անգամ բոլորը վախեցած հիանում էին նրանով, մոտեցավ մի մուրացիկ գրկեց նրան` չհասկանալով,  թե ինչքան գեղեցիկ է նա: Գրկեց.... Երջանիկ էր: Չկար այլևս գարշահոտություն: Ամեն ինչ գեղեցիկ էր: Գեղեցկուհին երջանիկ էր ու մաքուր...
 Օրերից մի օր հարձակվեցին այդ մուրացիկի վրա, ծեծեցին , սպանեցին: Գարշահոտությունը նորից սկսեց խեղդել մարդկանց: Խեղդվեցին բոլորը… խեղդեցին և նրան…

понедельник, 17 сентября 2012 г.

Ոչինչ...













Եթե մտքերիս քեզ նման ճնշեմ,
Շնչեմ առանց օդ ու անշունչ ապրեմ,
Քարանամ այստեղ, այնտեղ, ամենուր…
Եթե որոշեմ էլ չմտածել,
Կամ էլ մտածել ոչինչի մասին,
Աչքերը բացել նայել արևին ու զգալ ոչինչ…
Եթե դադարեմ անգամ շարժման մեջ,
Ու հրաժարվեմ գույներից բոլոր,
Ճանապարհներից ուղիղ ու ոլոր,
Ես կդառնամ դու, իսկ դու էլ` ես,
Կմնա ոչինչ, անորոշ Ես-ից…
Ու երբ հանդիպենք նորից ուշացած
Կասենք մենք `Ոչի՛նչ….

суббота, 15 сентября 2012 г.

Երբ որ զանգես` ես կլռեմ...
















Երբ որ զանգես` ես կլռեմ…
Երբ կզանգես, կցանկանաս անդեմ խոսել,
Որ չընդհատեն, չբռնանան ազատ խոսքիդ,
Անգամ շունչդ կսկսի խոսել,
Միտքդ անխոս`բարձրախոսել,
Բառերն իսկույն կսկսեն հոսել…
Երբ կսկսեն անդուր դեմքերն զազրախոսել,
Տափակ ձայնով քեզ խլացնել,
Անկիրթ գիտուններ ձևացնել,
Երբ քո շուրջը անվերջ խոսեն ու դու լռես ,
Զանգի՛ր դու ինձ,
Ես կլռեմ…

четверг, 13 сентября 2012 г.

Եթե անգամ բանտարկեմ ինձ....



















Եթե անգամ բանտարկեմ ինձ ու չերազեմ,
Կսովորեմ երազներում ազատ լինել:
Եթե նույնիսկ ծարավ մնամ,
Մինչ իմ կողքով անմահական գետն է հոսում,
Կհագենամ ծարավ  աչքով:
Եթե անգամ ինձ մեղադրես, որ ատում եմ առանց օբյեկտ,
Կհասկանամ, որ սիրում եմ…
Եթե վերջում ինձ համոզես, չմեղադրես, չբանտարկես
Կսիրեմ և քեզ….

понедельник, 10 сентября 2012 г.

Արևից փախչող անձրևներն անգամ գիտեն շողշողալ...


















Արևից փախչող անձրևներն անգամ գիտեն շողշողալ,
Մռայլության մեջ ծիծաղել մեկ-մեկ,
Օտարության մեջ հարազատ դառնալ անգամ թշնամուն,
Քնի մեջ տենչալ, արթուն վիճակում տենչալ երազին,
Զարթնել երազով, երազում քնել:

Ծխել `այրելով պատերն թուլացած,
Բորբոքել սիրտը հաշմանդամ դարձած,
Ու միտքն արյունից անհատակ կորած,
Շողալ, երազել, հարազատանալ,
Քնել, արթնանալ, մեկ-մեկ ծիծաղել
Ու չնայել ետ…

суббота, 8 сентября 2012 г.

ՀՐԱԺԱՐՎՈՒ՛Մ ԵՄ ՉՍԻՐԵԼՈՒՑ















Երբ մի օր թռչեմ ու հասնեմ այնտեղ,
Ուր մարմինս անգամ կսկսի թռչել,
Ես կսիրեմ ինձ, կսիրեմ և քեզ.
Իսկ մինչ այդ, ՀՐԱԺԱՐՎՈՒ՛Մ ԵՄ սիրել:


Երբ մի օր թռչեմ ու հասնեմ այնտեղ,
Ու դու կսկսես ինձ փնտրել այստեղ,
Ես կսիրեմ “այնտեղ”-ը հեռու,
Երբ մոտիկ եմ քեզ:

Ու եթե մի օր այլայլած փախչեմ,
Հեռանամ, գնամ ու լինեմ այստեղ,
Դու կսիրես “այստեղ”-ը հեռու,
Երբ մոտիկ եմ քեզ:

Երբ վերջապես հասնենք արևին,
Հոգին կարծրացրած սկսի թռչել,
Ու թե չլինի դա մաիաժամանկ,
Մենք կզգանք և դա....

Ու գրկեցին տաք շողերն իրար,
Մեկը այստեղ է, մյուսը` այնտեղ,
-Մարմինս կամաց տաքանում է, տե՛ս,
ՀԻՄԱ ՀՐԱԺԱՐՎՈՒ՛Մ ԵՄ ԵՍ ՉՍԻՐԵԼՈՒՑ: