вторник, 24 июля 2012 г.

ԱԲՈՒ- ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ


ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (1875-1957)
ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ
ՊՈԵՄ ՅՈԹ ՍՈՒՐԱՀՈՎ

Աբու – Լալա Մահարին,
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց
Խալիֆաների հոյակապ քաղաքում,
Ապրեց փառքի և վայելքի մեջ,
Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,
Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
Սիրեց և փորձեց ընկերներին,
Եղավ ուրիշ – ուրիշ ազգերի հայրենիքներում,
Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,
Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
Եվ նրա օրենքները:

Եվ որովհետև չուներ կին և երեխաներ,
Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին,
Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը` պաշարով ու պարենով,
Եվ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել
Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա, -
Գաղտնի հեռացավ քաղաքից…




ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Եվ քարավանը Աբու – Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով,
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:

Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ`
Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայլում էր պայծառ:

Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով,
Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա:

Հովի զրույցին ունկն դնելով Աբու Մահարին խոսում էր անձայն, -
- Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:

Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով,
Եվ ո՞վ է պատմում բյուր - բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չեն ըմբռնել իմաստը նըրա,
Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, և չի լսելու վախճանը նըրա,
Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա:

Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ,
Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ:

Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ - անցնող քարավան,
Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման:

Կույր ու գուլ մարդիկ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ:

Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի,
Եվ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի:

Եղկելի մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե - կավլե պիղծ հետքերը ձեր:
Եվ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա: –

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշեջ զընգոցով:

Եվ արար - աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային,
Եվ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին:

- Գնա, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս – ղողանջի հետ,
Վիշտս տուր հովին, քայլիր բնության ծոցը մայրական, և մի նայիր ետ:

Տար ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր,
Սուրբ մենակություն, դու, իմ օազիս, դու, երազների աղբյուր զովաբեր:

Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ,
Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս:

Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ` լացող հավիտյան,
Եվ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և սուրբ արտասուք, և սեր անսահման:

Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ոչ մի զորության,
Ոչ օրենք, սահման, ոչ ճակատագիր, ոչ չար ու բարի և ոչ դատաստան:

Իմ գլխի վերև չպետք է լինի ոչ մի հովանի, ոչ մի իրավունք,
Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և ստրկացում, և բռնադատում:

Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատության` անհուն, անտարած: -

Եվ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ
Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար:

Եվ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի,
Եվ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի:

Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում,
Եվ քարավանը` օրոր ու շորոր քայլում է անդորր փիրուզյա հեռուն…


ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Եվ քարավանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների,
Անշեղ ու անվախ ձգվում էր առաջ ղողանջյուններով հուզված զանգերի:

- Ի՞նչ է ընկերը… - կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու - Մահարին. –
Ծոցիդ մեջ սև օձ, մահիճդ պղծող… Թռիր, քարավան, ընկեր մտերիմ:

Եվ ուր որ կերթաս, այնտեղից նորեն գնա ու գնա, առանց հանգրվան,
Իմ բարի ճամփա, տար ինձ, կորցրու, չքվիմ, տանջանքս մարդիկ չիմանան:

Եվ ինչ ենք թողել, ի՞նչ կա մեր ետև, որ մեզ պատրանքով ետ կանչե նորից,
Փա՞ռք, գա՞նձ, օրենքնե՞ր և իշխանությո՞ւն… Թռիր, հեռացիր բոլոր - բոլորից:

Եվ ի՞նչ է փառքը. - այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կըբարձրացնեն,
Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կընետեն:

Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց, - լոկ ոսկուց – վախից հարգ են մատուցում,
Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում:

Եվ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և հանճար, և սեր, -
Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ:

Ի՞նչ է ամբոխը – մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի
Բռնության խարիսխ, և սուր երկսայրի, և զայրույթի մեջ գազան վիթխարի:

Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ և անհայտն այնտեղ անշղթա գերի,
Երբ է հանդուրժել հոգու թռիչքին և սլացումին վսեմ մտքերի:

Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը - ահեղ խարազան,
Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման:

Ատում եմ, ավաղ, և հայրենիքը – պերճ արոտավայրը հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:

Ի՞նչ է օրենքը, - մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:

Եվ իրավունքը, և օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,
Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:

Յոթն անգամ ահա ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:

Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա և մեծն ավազակ,
Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ ոհմակ:

Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս,
Եվ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս:

Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն,
Եվ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում:

Եվ ամեն ինչ է իշխանությունը – իրավունք, օրենք և արդարություն,
Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու` ոչնչություն:

Եվ նզովում եմ իշխանությունը` հազարաճիրան մոլի բորենին,
Իր ամեն քայլը` արյունի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին:

Ապիկար մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին,
Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք - իշխել, խողխողել իր նմաններին:

Տար ինձ, քարավան, իժերին հանձնիր, թաղիր հեգ սիրտս ավազների տակ,
Տար ինձ, ազատիր իշխանությունից, ազատիր նըրա հովանուց վայրագ: -

Խոլ կայծակները հրեղեն սրով ծվատում էին վաշտերն ամպերի
Եվ արշավասույր` փշրվում էին ճերմակ բաշերին հեռու լեռների:

Եվ մրրիկները մռնչում էին, արմավն ու նոճին շաչում, շառաչում,
Եվ քարավանը կամուրջ քանդելով և քառատրոփ վազում էր, թռչում:

Վազում էր, թռչում, զրընգ, հա զրընգ, փոշու ամպերով ծածկելով ճամփեն,
Ասես, փախչում էր չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն:



Комментариев нет:

Отправить комментарий