понедельник, 23 декабря 2013 г.

Վերադարձա..

Այլանդակված հասարակության մեջ շրջում է դեռ արևից փախած մի չղջիկ...
Հասարակության փոսերը ցեխոտ են.. ամեն քայլիդ մխրճվում ես ավելի խորը:
Ա՜խր, անձրև էլ չի եկել. ինքնաջրազրկվում ենք!!
...դադարում
...սպառում
...թուլանում
...խորտակում ու խորտակվում
...քանդվում
...զառանցում են հողի ճաքած շուրթերը, սպասում են իրենց Արևին ու
..ու ինչի են արժանանում՝ ընդամենը արևից փախած չղջիկի ոտնատակին:    
Այն էլ չեն արժանանում՝ բավարավում են:
Մտածում ես՝ քանի արևներ են սառել, քանի շուրթեր են սպասել արևին , քանի շուրթեր են ստացել այդ նույն ոտնատակը,
քանի մազապուրծեր են մոռանում իրենց գլուխը,
քանի անգլուխներ են սափրում ուրիշների գլուխը, որովհետև իրնեց գլխի զնգոցն ամենուր է,
որովհետև իրենց աչքի առաջ իրենց իսկ քիթն է, իսկ գանգի տակ՝ պարանոցը, որն անհույս երերում է գլխի զնգոցից..
որովհետև բերանն անլեզու է ու ծրագրի է սպասում, իսկ ծրագիրը փչանալու ֆունկցիա ունի..
որովհետև  մարդաստվածները երկրի վրա մարգարեություն են անում
իսկ Այնտեղ աստվածները պայքարում են գործազրկության դեմ..
քանի շունչ կա պահած
քանի միտք
քանի գաղափար
քանի գլուխ 
քանի մարմին
ու քանի հոգի... չգիտենք..

... հասարակությունՍ դեռ ապրեցնում է այդ արևախույս չղջիկներին

 © ջեյմսունի

четверг, 1 августа 2013 г.

150 դրամանոց երջանկություն

Այնպես կուզեի բոլոր ցավերը լինեին այսպիսին, որն զգում ես ոսկորներումդ երջանկությունը զսպելիս: Փոքր-ինչ վախ ու համարձակություն կար,  որը դրդեց երթուղային նստել ու ծախսել  մինչև 0յանալը: Անգամ պատրաստ էի  150 վճարել:Ճ  Երբեմն դեմքիս հայտնվող հիմարի ժպիտը թուլացնում էր ցավը, որը սակայն մի քանի վայրկայն էր տևում, որովհետև նույն ոգով, բայց ինչ-որ մի խիստ հայացք հետևում էր անընդհատ իմ անզուսպ երջանկությանը ու զարմանում.... թերևս զարմանալի էր..
Հետաքրքիր  է` ամեն դատարկ բան ամեն ինչի մի մասն է... այսինքն էլ դատարկ չէ ու զարմանալի էլ չէ..  ուֆֆ, շատ  եմ փիլիսոփայում,  ժամանակն է գործելու.... 75-ում իմ տեղը մնաց դատարկ,  միայն ականջումս շարունակաբար հնչում էր վարորդի ձայնը, թե  աղջի՛կ, պետք է 150 վճարես ... բայց դե այդպես էլ մնաց ականջումս...
 Այդ ժամանակ մարդ պատրաստ է  տեսնել ամեն անճոռնիության մեջ գեղեցիկ, անբարոյականի մեջ` բարոյականը, մեղքի մեջ` անմեղություն ու այդպես շարունակ , մինչև որ հաջորդ առավոտ կարթնանան ու կսկսի հաշվել, չափել համեմատել , նորից հաշվել ու մոռանա երեկվա երջանկությունn ու ուրանա այն:
Հետաքրքիր է այդ  երջանկությունից հետո փոխեցի ինձ ճանաչելու դիտանկյունը, դրանից փոխվեց իմ տեղը, փոխվեցին մարդիկ , հայացքներս , կյանքի ոճս... բայց մարդիկ կան, որ  ինձ հետ տարա իմ նոր տեղը ` երթուղայինի` ինձ հետապնդող հայացքը, վարորդը ու  "երջանիկը": 
Է~հ իմ 150 դրամանոց երջանկություն....

P.S.  մի բան էլ. երթուղայինում  հեռախոսիս մեջ արագ գրում եմ էս ամենը , որ չմոռանամ: Վերջացրի ու տեսնեմ բոլորը ինձ են նայում ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------բլուզս էի թարս հագել :Ճ

понедельник, 1 июля 2013 г.

Սիրո և Փողի գրազը


***
Մի օր, սովորականի նման, արքայազնը սիրահարվում է մի աղքատ աղջկա: Ամեն ինչ շատ հեքիաթային էր ու երևակայական : Փոքրիկ, անպաշտպան մեկը, երբև չէր էլ պատկերացրել դա:
Մի օր էլ, սովորականի նման, հարևան Իշխաններից մեկը մեծ տարածքներ խոստացավ Թագավորին նրա արդար մտքի և  անշահախնդրության համար: (Բնականաբար Թագավորը կուտը կերավ): Դա բնակչության երազանքն էր... Հիմա բոլորը կունենան իրենց հողը, կմշակեն ու օրվա հաց կունենան:
Խնջույքին Իշխանը եկավ դստեր հետ: Բոլորը ուրախ էին, երջանիկ, գինին հոսում էր, ուտելիքն առատ, մարդիկ փայլում էին ճոխությունից, մին էլ ըհը Իշխանը վերցրեց բաժակը.
-Տիկնայք և պարոնայք, այսօր կարևոր օր է: Անշահախնդրությունը բոլոր ժամանակների ամպագորգոռ երևույթներից է, մեր ժամանակն էլ բացառություն չէ: Եվ ես գնահատում եմ այն ու պատրաստ եմ այդ միակի հետ կիսել իմ հարստությունը:
Բոլորը ծափահարեցին և շնորհավորեցին Թագավորին: Մինչ դեռ Թագավորը, բազմած գահին,  տեսնում էր որդու խելակորույս հայացքը, որը միայն մեկին էր փնտրում, ով  վաճառել էր սերը հանուն փողի ու լցրել գինու տակառները, կարասները, լցրել մարդկանց հոգիները:
Իշխանադստեր մատանին ավելի ուրախ էր փայլում, քան աչքերը, որոնց կայծերը մնացել էին ոսկու փայլեցրած լույսի տակ:
***
Երկու տարի չանցած Իշխանի դուստրը մահացավ թոքախտից:  Մահացավ ու պարտվեց գրազը, որ ժամանակին կնքել էին Սերն ու Փողը:
Իսկ  այն աղջիկը ապրում էր դեռ իր հաղթած աղքատությամբ....


P.S Էսօր մի պատմություն դրդեց ինձ գրելու, երբ հանկարծ մտքումս փայլատակում եղավ ու հասկացա , որ ժամանակը (ներկան, անցյալն ու երևի ապագան ) երբեք չեն համընկնում,բայց ունեն հատման կետ...Հարցեր կան, որ հենց այդ կետում են...



Հարգանքներով` ջեյմսունի

четверг, 27 июня 2013 г.

կարճ միտք - կարճ հիշողություն - կարճ կյանք





-Ռոզի, չդադարես...

-Ի՞նչ...

-Մ..եկ, երկու, ե..րեք, ..չո...

-Դադարեց հաշվել: Եվ ոչ միայն:


 Հ.Գ. Էն որ ասում են ապրածդ ջուրն ընկավ, ես ծիծաղում էի: Գիտեմ, որ ջուրը էներգիա է կլանում` ազատելով մեզ "բացասկանից": Բայց կյա՞նք... դա չգիտեի...

Հարգանքներով` ջեյմսունի 

воскресенье, 9 июня 2013 г.

երեկոյան մտորումներ շարքից

***
Ես զգում էի, որ այսօր չէի կարողանալու  պարապել...
Մեկ-մեկ հասկանում ես, որ ամեն ինչ ոչինչ չանելու մեջ է, ուղղակի նստել և հետևել յուրաքանչյուր վայրկայնի թռիչքին, յուրաքանչյուր ընկնող աստղի փայլին, յուրաքանչյուր մտքի հարվածին ու ինքս իմ խառնվելուն:
Մեկ-մեկ  ուղղակի դուրս ես գալիս տնից, ոչինչ չասելով, ու բոլորը քեզ տարօրինակ են համարում , բայց ոչ երբեք խելագար: Խելագար լինեի կարող է և հասկանային, իսկ տարօրինակ..., բոլորս էլ ունենք տարօրինակություններ:
Գինու դատակվող շիշը այսօր էլ չդիմացավ ... անցած երեկոն շատ սիրեցի:
Այնքան բան ունեի անելու, բայց ոչինչ չարեցի, որովհետև երբեմն լավագույն տարբերակը լավագույն ելքը չէ : Լույսերը հանգցրած , նստած դռան շեմին նայում էի մեր տան դիմացի մեծ թթենուն: Ողջ մանկույունս էր այդտեղ...
Այնքան բան հիշեցի, վերապրեցի. անընդհատ մտքումս Սևակի տողերն էին `ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշածած... հետո փորձում էի մտովի շեղվել ու կրկնել այն, ինչ կարդացել էի քննության համար, բայց էլ խանգարում էի ինձ... կամ Սևակ էի ցիտում, կամ վերջին դիտածս ֆիլմի երաժշտությունը. աննկարագրելի տպավորված էի:
Մի տեսակ ինձ էի տեսել  հերոսի կերպարում, ամեն ինչ հարազատ էր ու անկեղծ, ոչ խաբում էի ինձ, ոչ էլ ` համոզում: Ամեն ինչ պատկերացումներիս դաշտում էր:
Մեկ մետրի վրա եղբորս քայլերն էին հանդարտ, մտածկոտ ու ծխախոտի, պաբերաբար քամու քշած կայծերը, որ ցույց էին տալիս, որ մենակ չեմ:
Մեր փողոցի  գլխավոր լույսը,  վերջում ասես փարոս լիներ ցանկացած մոլորվածի համար, բայց ինձ չօգնեց: Լույսի ստվերի տակ , բացի իրենց փայլով շլացնող աստղերից, ծխախոտի կայծերից, շողում էր նաև մեր հարևանի լքված տան դիմացի միակ կենդանի ու ապրող նորահաս բալենին: Ցերեկը չէի նկատել այսքանը ու ես համարում էի դա նորմալ, մինչ փոքր քույրս ստիպեց ինձ ավելի ուշադիր լինել իր աշխարի հանդեպ:
Ու իրականում մենք էլ ենք ունեցել ու հիմա էլ մեր կողքին ունենք այդ աշխարհը. ուղղակի մենք սիրում ենք մեզ մեծացնել...
-Հիշու՞մ ես այն քարանձավը, որ բարձերով էինք պատրաստել ու խաղերի ժամանակ , ով պարտվում էր` նրան  բանտարկում էինք:
-Այո:
-Վերջին անգամ , երբ դու բանտարկվեցիր, հիշու՞մ ես:
-Այո:
- Հիշու~մ ես... Մ
ոռացար դուրս գալ ու տարված խաղով մնացիր այնտեղ... Մենք հիմա նոր քարանձավ ենք կառուցել....

Հ.Գ  այս երեկոն , դեռ շատ երկար կհիշեմ: Չմոռանալու համար պատմեցի բոլորդ :)

Հարգանքներեվ` նուրի յան ջեյմսունի 

четверг, 9 мая 2013 г.

արխիվից

էսօր արխիվից գտա ու հասկացա կարևորությունը...
այն ժամանկվա հստակության հաշվին եմ հիմա այսպիսին...
օր օրի հասկանում եմ  յուրաքանչյուր գրվածի իմաստը...
ու հասկանում եմ, նաև, որ շատ հաճախ լավագույն տարբերակը լավագույն ելքը չէ...

Հարգանքներով` նուրի յան ջեյմսունի

вторник, 26 марта 2013 г.

‹‹Իմ սև արկղը››

***
Գրե՞մ… բարդ է, երբ գրիչը պետք է վերցնես ու գրես այն, ինչ մինչ այդ չես համարձակվել, այն էլ իրական դեպք: Երբ հորինվածք է, ավելի հեշտ է ստացվում գրել ու ավելի համարձակ ես, իսկ իրականությունը…նորից վերապրել, վերհիշել այն հույզերը, մտքերը, որոնք, պարզվում է, երբեք չէիր էլ մոռացել :
Մարդկային ուղեղը գրեթե երբեք չի մոռանում այն, ինչ ժամանակին գիտակցել է, մասնավորապես, երբ բացասական հետևանք է ունեցել կամ բացասական հույզեր են առաջացրել մարդու մոտ: Երբ դադարում ես մտածել, ռացիոնալ դատել` հուզական ոլորտը աղավաղում է ողջ իմացականը` ազդելով մեր ընկալումների վրա: Մինչդեռ հույզերն ու մտածողությունը պետք է լինեն ներդաշնակ` ապահովելով բնականոն զարգացումը: Մի քիչ շեղվեցի,սա ավելի շուտ վերլուծությունն է իմ պատմության... 
Հիմա վերադառնամ իմ իրական պատմությանը: Պատմությունաս կարճ է, բայց երկար կմնա այն զգացումն ու տրամադրությունը, որը կա  նույնիսկ հիմա:  
Մանուկ ժամանակ իմ ամենասիրելի խաղերը դրանք գլուխկոտրուկներն էին(Puzzle) , որոնք ինձ համար ավելին էին, քան սովորական խաղերը: Կողմնորոշումը , քայլերի հերթականությունը ու վերջնական արդյունքը ոգևորող էին: Այլ էր իմ մոտեցումը խաղին. ես չէի սիրում, երբ ինձ օգնում էին: Շատ է պատահել, որ մասերից մեկ-երկուսը կորել են կամ վնասվել, բայց դրանից առանձնապես ամբողջական պատկերը չի աղավաղվել: Սովորական մանկական խաղեր…
            Երբ այն տարիքում ենք հայտնվում, որ պետք է  առաջին անգամ ինքնուրույն որոշում կայացնենք ( դա մի յուրահատուկ զգացում է ), հետևում ենք շրջապատին ու  փորձում ենք կրկնօրինակել, քանի որ այդպես հեշտ է, հարմար, իսկ պահպանել  մեր անհատական յուրահատկությունը դժվար է ու հաճախ` ռիսկային: Երևի այդ ժամանակ բախտս բերեց, քանի որ ունեի մի ‹‹արկղ››, որը բացվեց ու ինձ հնարավորություն տվեց հասկանալ մարդու արժեքը, տարբերել գեղեցիկը, արժեքավորը ու ես կարողացա ճիշտ որոշում կայացնել: 
Պարապմունքներ, քննություններ ու ես ընդունվեցի այնտեղ, որտեղ հիմա սովորում եմ: Ամեն ինչ կառավարելի էր ու ներդաշնակ մինչ այն պահը, երբ իմ ‹‹արկղը›› հնացավ, մաշվեց, գունաթափվեց ու ես կորցրի այն: Կյանքի նոր էտապ, երբ ամեն ինչ անորոշ է: Ի տարբերություն գլուխկոտրուկների, որոնք այդքան շատ եմ սիրում, երբ չէի գտնում մի տարրը շարունակում էի, քանի որ վստահ էի, որ պատկերը ստանալու էի, իսկ հիմա կյանքում դժվարությամբ եմ շարունակում քայլել առաջ, քանի որ դեռ չեմ տեսնում արդյունքը կամ գուցե տեսնում եմ, ուղղակի դեռ  չե՞մ գիտակցում: Բայց միևնույն է  ես շարունակում եմ բացել իմ ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր ‹‹արկղ››, գուցե գտնեմ մի օր այն, ինչ կորցրել եմ (չնայած իմ արկղը անփոխարինելի է), օգտագործում եմ մնացած ‹‹մասերը››, որոնք կան դեռ ու գուցե կստանամ այն պատկերը, որին ձգտել եմ ու իմ ‹‹արկղը›› կլինի այն հերթական բացակայող ‹‹մասը››, որը չի խանգարի պատկերի ամբողջական  ընկալմանը…
***
Ես անուն մտածեցի իմ ‹‹արկղին›› ու այդուհետ կոչվեց `‹‹ սև արկղ››: Ճիշտ է, ‹‹սև արկղ›› -ը կորցրել եմ, բայց բանալին դեռ ինձ մոտ է ու ամեն անգամ, երբ ,թվում է` մոռացել եմ իմ ‹‹արկղին››,  ժանգոտ բանալին հիշեցնում է, որ ես կորցրած իր ունեմ: Ես չգիտեմ, գուցե մի օր, երբ տիեզերքի մի անկյունում, մի նոր մոլորակում կամ գուցե հենց իմ կողքին գտնեմ այդ ‹‹սև արկղը›› ես հաստատ կսկսեմ կառուցել հիմնովին նոր պատկեր ու ավելի զգույշ կկառուցեմ , որ պատկերը լինի լիարժեք ու չկորցնեմ և ոչ մի ‹‹մաս››:
Մանկական տարիքում իմ ամենասիրելի խաղը հիմք հանդիսացավ իմ կայքի կառուցման համար: Այդպես գիտակցում եմ ինձ հանդիպող ամեն մի ‹‹տարրի›› իրական արժեքը: Ես ավելին կուզեի պատմել, ներկայացնել իմ պատմությունը ոչ այլաբանորեն, բայց չեմ կարող: Գուցե մի օր կպատմեմ առանց այլաբանության ու իրեիրն կտամ իրենց իսկ անունները, բայց հիմա սիրելի ընթերցող Դու ինքդ մտածի՛ր ու պատկերացրու՛ իրական պատմությունը, այդպես Քեզ համար կլինի ավելի հետաքրքիր, իսկ ինձ համար …. ինձ համար բացահայտ առեղծված: Շնորհակալ եմ, որ գտար ժամանակ ու կարդացիր իմ պատմությունը...

пятница, 15 марта 2013 г.

Ուշանում եմ


***
“Ուշ - ուշ են գալիս, բայց ոչ ուշացած”,- լինում են այսպիսի առավոտներ, որ կարդում եմ ինչ-որ   մի բան նոր տանից դուրս գալիս:  
Տարիներ առաջ այն սենյակում, որտեղ հիմա ես եմ քնում, քնում էր հայրս: Այն էլ ոչ միշտ. երբ տանն էր լինում: Այն իմ սենյակն էր իմ երևակայության մեջ, որը միշտ երազել եմ ունենալ: Այնտեղ շարել էի իմ գովասանագրերը, նվերները, խաղալիքները, պատերը ներկել էի  ծիրանագույն ու պատուհանն էլ փոխել էի, որ անցքերից քամին գիշերը չսողոսկեր ներս:
Հիմա  արդեն  երևակայական այդ պատկերը սևացել  է: Առավոտյան դեռ աչքերը չբացած Արիանան լսում է` “ Ուշացել ես, Արիշ, արագացրու”: Հարց ` ինչի՞ց: Մեկ-մեկ ատում եմ այդ առավոտները, որոնք միշտ ինձ հիշեցնում են , որ ուշացել եմ:
-Բարև՜ , երեխեք, ո՞նց եք, դասախոսը եկե՞լ է :
-Հա՛:
-Գնացի՞նք:
-Չէ՛:
-Ինչու՞:
-Ուշացել ենք:
Հարց.
-Ինչի՞ց:
Պատասխան չկա: Ու արդեն դիրքորոշված, որ ուշանալու ես, հաջորդ առավոտ ավելի ես քնում:
Ժամը մոտավոր 12.05 է:
-Ողջու՜յն, ո՞նց եք: Ի՞նչ դաս ունենք էսօր: Գնա՞նք:
-Չէ՛:
-Ինչու՞, ուշացե՞լ ենք:
-Հա՛:
Ծիծաղեցինք, անցանք:
-Դասերից հետո գնա՞նք մի բան ուտելու:
-Լավ միտք է:
-Գնանք, բայց ու՞ր:
-Դե , կարող ենք  մոտակայքի պիցցայանոցը, նոր  է բացվել:
-Ուրեմն որոշվա՛ծ է:
Ժամը 4 անց էր ու արդեն պիցցայանոցի մուտքի մոտ ենք : Երևում է, որ բոլորը քաղցած են `ասեղ գցելու տեղ չկար:
-Բայց, ոնց որ ուզում են այն տղաները դուրս գան , սպասե՛ք:
Մինչև քայլերը ուղղում էինք դեպի սեղանը, երկու աղջիկ ,դիմացի մուտքից, մտնելով հասցրին  լինել ճի՛շտ ժամանակին, ճի՛շտ տեղում: Դե արի ու իրենց բացատրի, որ մինչև իրենց մտնելը դու արդեն մտովի տեղավորվել էիր այդտեղ: Ու այդ պահին ամեն ինչ իբր տեղին էր,  ընկերներիցս  Ֆրիդան ասաց.
-Ուշացանք ,մի քիչ շուտ գայինք կհասցնեինք:
Ինձ այդ րոպեին միայն դա էր պետք հաջորդ օրը էլ դասի չգնալու համար:
Հաջորդ օրը արթնացա ժամը15.25-ի սահմաններում: Անգամ չհիշեցի, որ դասի պետք է գնայի: Դեռ անկողնուցս  քնոտ մտքերը չէին հեռացել` ես միացրի ռադիոընդունիչն ու լսեցի.
-Ձեզ հետ էին Անին և Ավետը, մինչ վաղը:
Ու ես հասկացա, որ ուշացել եմ նորից:
Այդ րոպեին ներս է մտնում  մայրս, ինչ- որ բաներ քթի տակ մրթմրթում  ու  դուրս գալիս:
Ուզում էի ասել, որ  ուշացել է, բայց մի կերպ զսպեցի ինձ ու քնեցի:
Այսօր արդեն կիրակի է: Սենց թե նենց  քնելու եմ ու ոչ մի բանից չեմ ուշանալու:
Երկուշաբթի արդեն արդեն ուշացած արթնացա…

суббота, 16 февраля 2013 г.

"Անբուժելի մարդ"` տիկին Հասմիկը


Մեր կյանքում կան մարդիկ, որոնք պատահական հայտնվում են ու զբաղեցնում այն տեղը, որը հնության դարակ էր հիշեցնում, որտեղ հին ու արդեն մոռացված փոշին էր նստել: Այդպես եղավ և ինձ հետ: Շատ պատահական որոշեցի գնալ իմ կյանքում ոչ պատահական մարդու տուն, չնայած վաղուց էի պլանավորել: Այ էստեղ են ասում` ուշ լինի, նուշ լինի: Նուշ էլ եղավ. չմոռացվող մի օր, որոնք իմ կյանքում այդքան էլ շատ չեն: 
Նախ շատ դժվար գտա շենքը, ավելի ճիշտ ինձ գտան: Բարձրացանք վերև:  Դուռը բացեցինք ու իմ առջև նա էր`տիկին Հասմիկը: Սկզբում անունը չէի հիշում ու բարևելուց մի տեսակ դիսկոմֆորտ զգացի, դա ավելի ուժեղացրեց լարվածությունս: Նա չափից պարզ էր , իսկ ցանկացած չափից դուրսը իմ կյանքում քիչ է պատահում,ցավոք, որովհետև այլևս դժվար է ապրել հասարակական չափումներով ու հաշվարկներով: Վաղուց չէի  զգացել մարդկային մտքի այդչափ ընդարձակությունը, որն էլ հետո թուլացրեց լարվածությունս: Մի բաժակ թեյ, հետաքրքիր գույններ, շոկոլադ, խնձոր ու շաքարավազ ըստ ճաշակի, բազմոց, որը թույլ չէր տալիս խիստ ու լարված վիճակով նստել…մի տեսակ լարվում էի, հետո հասկացա ու սկսեցի հարմար տեղավորվել: Զգում էի տարբերություն. Փոշին սկսեց շարժվել: Ես զգում էի մի բան , որ զգացել եմ տարիներ առաջ, մոտ հինգ տարի, երևի այդ զգացողության բացակայությունն էր ամեն անգամ հիշեցնում այդ փաշու գոյությունը: Հիշում էի խոսքեր, որոնց կենդանի շունչը վաղուց  արդեն մեռել էր, մնացել էր մոխրագույն հիշողություններ: Ու հիմա մոխրագույնը արդեն ակտիվանում է ու փնտրում նոր գույններ:
 Կյանքի երբեմն անտրամաբանական  իրադարձությունները անդարձելի ցավեր են պատճառում, որոնք խանգարում են լիարժեք զգալուն, բայց Նա , Նա անբուժելի մարդ է, Նա ապրում է կայքի յուրաքանչյուր ակնթարթ մարդավայել , Նա հիվանդ է մարդությամբ ու դա վարակիչ է
Իմ չոր ու խիստ տրամաբանական մտքերը Նրա առաջ կորցրել էին իրենց հիմնավորումնները: Նա այնքան ուժեղ է, որ մինչև հիմա ես հիվանդ եմ: Ես հասկացել եմ մարդկանց, նրան չհասկանալու պատճառը: Մարդիկ տարբեր են, տարբեր են և իմունային համակարգերը: Մեկի մոտ լավ է զարգացած, մյուսների մոտ համեմատաբար թույլ է: Ինձ մոտ թույլ էր ու ես հիվանդացա…
Տիկին Հասմիկը հիմա ապրում է իր մտքերով ու երևի չի էլ կարդա սա ու չի  իմանա, որ ես հիվանդ եմ, չնայած.. ես սպասում եմ մեր հաջորդ թռիչքին...
Ես շաքարավազ չլցրի թեյիս մեջ, բայց դրանից քաղցրությունը չպակասեց: 

Պատահական կյանքից չեն հեռանում մարդիկ: Հեռանում են այն ժամանակ երբ պետք է: Պատահական և չեն հայտնվում նրանք: Հայտնվում են այն ժամանակ, երբ կա նրանց կարիքը:

Նվիրվում է իմ "չափից դուրս տիկին Հասմիկին"

среда, 6 февраля 2013 г.

Ընտրե՛ք Ձեր ԳԻՐՔԸ




Երեկվանից ֆեյսբուքյան քաղաքականական  ու"նժդեհական" բուռն քննարկումները մի տեսակ էլ ինձ չէին գրավում: Գիրք նվիրելու օրվան (փետրվարի 19) ընդառաջ՝ Զանգակ հրատարակչությունը կազմակերպել է մրցույթ: Չնայած, ինձ թվում է, հրատարակչությունը արդեն փոշմանել է, որովհետև արձագանքները ոնց ես հասկանում եմ բավականին մեծ է ու այդքան գրքեր... Լայքեր լայքերի հետևից: Բացում եմ ֆեյսբուքյան իմ պրոֆիլը և կարդում հերթական հասցեագրված հղումը`" խնդրում եմ լայքեք, որ ունենամ էս գիրքը": Ինչ հաճելի է~~~
Տարօրինակ ժպիտով  կարդում եմ հաջորդը` լայքում, մյուսը`լայքում մինչև հասա` ....-ի քարոզարշավը եսիմ որտեղ ու տրամադրությունս ընկավ:
 Ի դեպ  գրքերն էլ  հետաքրքիր են ու ես էլ եմ ուզում ,բայց, որ տեսնում եմ արդեն 700 և ավել "զարմացածներ" պայքարում են, մի տեսակ շանսեր չեմ տեսնում : Բայց երևույթը ինքնին տեղին է ու երևի ես էլ անմասն չմնամ, դուք էլ միացեք... Մի տեսակ գրքի համար պայքարը նոր զգացողություններ է արթնացնում... Այս նախընտրական շրջանում պայքարենք գոնե հասանելի արժեքների համար: Զանգակ հրատարակչությանն էլ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` հուսամ բոլորն էլ կունենան ինրենց նախընտրած գրքերը!!! 
Վերջում էլ բոլոր նրանց համար ովքեր դեռ չգիտեին`
http://www.facebook.com/media/set/?set=a.509695349080631.124995.157255320991304&type=1


Հարգանքներով` Նուր Յան






















вторник, 29 января 2013 г.

Ու ես սկսում եմ արդեն ծիծաղել...
















Ու ես  սկսում եմ արդեն  ծիծաղել...
Անարև մարդիկ սկսել են փայլել,
Հողմահարվածները սկսում են քայլել,
Քարի տակ հանգած սրտերը անգամ համառ պայքարել,
Հողոտ ու փոշոտ մտքերը ցնոր իմաստավորվել,
Սեր քարոզողները սկսել են սիրել,
Չ սեր սիրողները  սիրով քարոզել,
Անմեռ հիշատակները` հեշտ վերածնվել,
Հավետ մեռյալները ավելի մեռնել:
Խելագարները շարունակ  սիրել,
Ավելին, անգամ, նրանց էլ սիրել,
Անտեսված "բոմժերը" սկսել են տեսնել,
Չտեսնողները  "բոմժեր"մնացել :
Մաքուր հոգիներն անգամ պղծությունը շատ սիրուն անել,
Բարոյականն ու անբարոյականը այլևս չկռվել,
Մանկան աչքերում կյանքը չսպանել,
Մարդասպանները` կյանքերը փրկել,
Պաշտոնյաները գահընկեց արվել,
Կյանքը փրկել կամ վերագտնել,
Քիչ-քիչ մեծանալ , շատ-շատ հասկանալ, ուշ-ուշ  արտասվել,
Ու ես սկսում եմ արդեն ծիծաղել…

четверг, 10 января 2013 г.

Ինչքան հեշտ էր ժպտալ...


Ինչքան հեշտ էր ժպտալ… Սիրում եմ երբ սիրում են: Վերջին 2 տարիների ընթացքում այսքան “անմշակ” , անկեղծ ու "սիրված" նվեր չէի ստացել: Հասկացա, թե ինչքան ջանք ու ժամանակ է ներդրվել “չստացված” նվերի համար: Բայց այն սիրեցի … ու ցանկացած նվեր չի , որ սիրում եմ…
Եղել է, երբ ստացել եմ թանկարժեք խանութից գնված  մի զարդ ու մինչև հիմա առանց բացել դրվածա դարակում. չեմ սիրում այն ու երևի չկարողանամ էլ սիրով նվիրել ինչ-որ մեկին: Եթե չլիներ այսօրվա նվերը, երևի կնվիրեի ինչ-որ մեկին ու չէի էլ գիտակցի, որ չսիրելով եմ նվիրում.բայց եղավ այսօրը…
Շնորհակալ եմ, “քուրիկ”…
Որ մարդիկ խոսում էին անակնկալների մասին, ես մտքում չէի համձայնվում, որովհետև մտածում էի` եթե կա նշանավոր իրադարձություն, թեկուզ հնարովի , ապա սպասում ես նվերների, մինիմում հրաշքների, ու ճիշտն ասած մի քիչ էլ խորթ էր  “անակնկալ” բառը, բայց...ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…
Դու հաստատ գիտեմ չես կարդա ու երևի ես էդքան լավ էլ չներկայացրի իմ հուզմունք ու ուրախությունը, որ դու հասկանաս այն, ինչ անակնկալ էր իմ սրտի, մտքի, շնչառության ու  առհասարակ օրգանիզմի հոմեոստազի համար ու լավ ա, որ չես նկատել, որովհետև ես այսուհետ սպասելու եմ անակնկալների, սպասելու եմ այսքան երկար ժպիտին...

среда, 2 января 2013 г.

ՁԵՐԸ...

"Մեկ-մեկ լռում ես ու շատ բան  նկատում ու հասկանում",- այդպես էր հայրս ինձ դիտողություն անում, երբ շատախոսում էի:
Ամբողջ օրը խոսում ենք, պատմում, քննարկում, գովում, փնովում, աղոթում ,անիծում, հաստատում, մերժում,սպանում, ոգևորում ու սենց ամեն օր... Ինչպես մի հոգեբան է նշում`ռեֆլեքսիայի ժամանակ  չենք էլ ունենում: Մեզ պետք է որոշակի ինտերվալ, մտածելու համար / մի քիչ ձևափոխած ասացի :) /: Բայց շատ-շատ դեպքերում անգամ դրան չենք էլ  հասնում...
Հիմա նստած եմ, ու լուռ է տանը ամեն ինչ: Բոլորը քնած են, իսկ ես մտածում եմ: Նայում եմ ու հասկանում, թե ինչքան կարևոր է նրանց լռությունը ինձ համար: Թե ինչքան եմ սիրում նրանց շնչառությունը: Թե ինչի եմ պատրաստ նրանց  հանգիստ շնչառության համար, ինչքան  եմ վախենում ու ինչքան վստահ եմ ինձ վրա: Հասկանում եմ, թե  ինչքան են սպասել այս շնչառությանը..ես էլ.. Ինչքան ստիպված են ապրում ու ինչքան լռություն կորցնում  24 ժամվա մեջ, ինչքան են սպասում ու ինչքան ` լռում: Հասկանում եմ, թե ես ինչքան եմ սպասում, ստիպում, ապրում ու լռում...
Էն որ հիմա ես զգում եմ դա ձեր շնորհիվ ա , որ ես հասկանում եմ լռությունը էլի ձեր շնորհիվ ա, որ սիրում եմ էլի էլի, էլի ու էլի ձեր շնորհիվ ա: Սիրում եմ ՁԵՐ քունը, ՁԵՐ  լռությունը, ՁԵՐ շնչառությունը, ՁԵՐ եղելությունը, ՁԵՐԸ...