вторник, 26 марта 2013 г.

‹‹Իմ սև արկղը››

***
Գրե՞մ… բարդ է, երբ գրիչը պետք է վերցնես ու գրես այն, ինչ մինչ այդ չես համարձակվել, այն էլ իրական դեպք: Երբ հորինվածք է, ավելի հեշտ է ստացվում գրել ու ավելի համարձակ ես, իսկ իրականությունը…նորից վերապրել, վերհիշել այն հույզերը, մտքերը, որոնք, պարզվում է, երբեք չէիր էլ մոռացել :
Մարդկային ուղեղը գրեթե երբեք չի մոռանում այն, ինչ ժամանակին գիտակցել է, մասնավորապես, երբ բացասական հետևանք է ունեցել կամ բացասական հույզեր են առաջացրել մարդու մոտ: Երբ դադարում ես մտածել, ռացիոնալ դատել` հուզական ոլորտը աղավաղում է ողջ իմացականը` ազդելով մեր ընկալումների վրա: Մինչդեռ հույզերն ու մտածողությունը պետք է լինեն ներդաշնակ` ապահովելով բնականոն զարգացումը: Մի քիչ շեղվեցի,սա ավելի շուտ վերլուծությունն է իմ պատմության... 
Հիմա վերադառնամ իմ իրական պատմությանը: Պատմությունաս կարճ է, բայց երկար կմնա այն զգացումն ու տրամադրությունը, որը կա  նույնիսկ հիմա:  
Մանուկ ժամանակ իմ ամենասիրելի խաղերը դրանք գլուխկոտրուկներն էին(Puzzle) , որոնք ինձ համար ավելին էին, քան սովորական խաղերը: Կողմնորոշումը , քայլերի հերթականությունը ու վերջնական արդյունքը ոգևորող էին: Այլ էր իմ մոտեցումը խաղին. ես չէի սիրում, երբ ինձ օգնում էին: Շատ է պատահել, որ մասերից մեկ-երկուսը կորել են կամ վնասվել, բայց դրանից առանձնապես ամբողջական պատկերը չի աղավաղվել: Սովորական մանկական խաղեր…
            Երբ այն տարիքում ենք հայտնվում, որ պետք է  առաջին անգամ ինքնուրույն որոշում կայացնենք ( դա մի յուրահատուկ զգացում է ), հետևում ենք շրջապատին ու  փորձում ենք կրկնօրինակել, քանի որ այդպես հեշտ է, հարմար, իսկ պահպանել  մեր անհատական յուրահատկությունը դժվար է ու հաճախ` ռիսկային: Երևի այդ ժամանակ բախտս բերեց, քանի որ ունեի մի ‹‹արկղ››, որը բացվեց ու ինձ հնարավորություն տվեց հասկանալ մարդու արժեքը, տարբերել գեղեցիկը, արժեքավորը ու ես կարողացա ճիշտ որոշում կայացնել: 
Պարապմունքներ, քննություններ ու ես ընդունվեցի այնտեղ, որտեղ հիմա սովորում եմ: Ամեն ինչ կառավարելի էր ու ներդաշնակ մինչ այն պահը, երբ իմ ‹‹արկղը›› հնացավ, մաշվեց, գունաթափվեց ու ես կորցրի այն: Կյանքի նոր էտապ, երբ ամեն ինչ անորոշ է: Ի տարբերություն գլուխկոտրուկների, որոնք այդքան շատ եմ սիրում, երբ չէի գտնում մի տարրը շարունակում էի, քանի որ վստահ էի, որ պատկերը ստանալու էի, իսկ հիմա կյանքում դժվարությամբ եմ շարունակում քայլել առաջ, քանի որ դեռ չեմ տեսնում արդյունքը կամ գուցե տեսնում եմ, ուղղակի դեռ  չե՞մ գիտակցում: Բայց միևնույն է  ես շարունակում եմ բացել իմ ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր ‹‹արկղ››, գուցե գտնեմ մի օր այն, ինչ կորցրել եմ (չնայած իմ արկղը անփոխարինելի է), օգտագործում եմ մնացած ‹‹մասերը››, որոնք կան դեռ ու գուցե կստանամ այն պատկերը, որին ձգտել եմ ու իմ ‹‹արկղը›› կլինի այն հերթական բացակայող ‹‹մասը››, որը չի խանգարի պատկերի ամբողջական  ընկալմանը…
***
Ես անուն մտածեցի իմ ‹‹արկղին›› ու այդուհետ կոչվեց `‹‹ սև արկղ››: Ճիշտ է, ‹‹սև արկղ›› -ը կորցրել եմ, բայց բանալին դեռ ինձ մոտ է ու ամեն անգամ, երբ ,թվում է` մոռացել եմ իմ ‹‹արկղին››,  ժանգոտ բանալին հիշեցնում է, որ ես կորցրած իր ունեմ: Ես չգիտեմ, գուցե մի օր, երբ տիեզերքի մի անկյունում, մի նոր մոլորակում կամ գուցե հենց իմ կողքին գտնեմ այդ ‹‹սև արկղը›› ես հաստատ կսկսեմ կառուցել հիմնովին նոր պատկեր ու ավելի զգույշ կկառուցեմ , որ պատկերը լինի լիարժեք ու չկորցնեմ և ոչ մի ‹‹մաս››:
Մանկական տարիքում իմ ամենասիրելի խաղը հիմք հանդիսացավ իմ կայքի կառուցման համար: Այդպես գիտակցում եմ ինձ հանդիպող ամեն մի ‹‹տարրի›› իրական արժեքը: Ես ավելին կուզեի պատմել, ներկայացնել իմ պատմությունը ոչ այլաբանորեն, բայց չեմ կարող: Գուցե մի օր կպատմեմ առանց այլաբանության ու իրեիրն կտամ իրենց իսկ անունները, բայց հիմա սիրելի ընթերցող Դու ինքդ մտածի՛ր ու պատկերացրու՛ իրական պատմությունը, այդպես Քեզ համար կլինի ավելի հետաքրքիր, իսկ ինձ համար …. ինձ համար բացահայտ առեղծված: Շնորհակալ եմ, որ գտար ժամանակ ու կարդացիր իմ պատմությունը...

Комментариев нет:

Отправить комментарий