пятница, 15 марта 2013 г.

Ուշանում եմ


***
“Ուշ - ուշ են գալիս, բայց ոչ ուշացած”,- լինում են այսպիսի առավոտներ, որ կարդում եմ ինչ-որ   մի բան նոր տանից դուրս գալիս:  
Տարիներ առաջ այն սենյակում, որտեղ հիմա ես եմ քնում, քնում էր հայրս: Այն էլ ոչ միշտ. երբ տանն էր լինում: Այն իմ սենյակն էր իմ երևակայության մեջ, որը միշտ երազել եմ ունենալ: Այնտեղ շարել էի իմ գովասանագրերը, նվերները, խաղալիքները, պատերը ներկել էի  ծիրանագույն ու պատուհանն էլ փոխել էի, որ անցքերից քամին գիշերը չսողոսկեր ներս:
Հիմա  արդեն  երևակայական այդ պատկերը սևացել  է: Առավոտյան դեռ աչքերը չբացած Արիանան լսում է` “ Ուշացել ես, Արիշ, արագացրու”: Հարց ` ինչի՞ց: Մեկ-մեկ ատում եմ այդ առավոտները, որոնք միշտ ինձ հիշեցնում են , որ ուշացել եմ:
-Բարև՜ , երեխեք, ո՞նց եք, դասախոսը եկե՞լ է :
-Հա՛:
-Գնացի՞նք:
-Չէ՛:
-Ինչու՞:
-Ուշացել ենք:
Հարց.
-Ինչի՞ց:
Պատասխան չկա: Ու արդեն դիրքորոշված, որ ուշանալու ես, հաջորդ առավոտ ավելի ես քնում:
Ժամը մոտավոր 12.05 է:
-Ողջու՜յն, ո՞նց եք: Ի՞նչ դաս ունենք էսօր: Գնա՞նք:
-Չէ՛:
-Ինչու՞, ուշացե՞լ ենք:
-Հա՛:
Ծիծաղեցինք, անցանք:
-Դասերից հետո գնա՞նք մի բան ուտելու:
-Լավ միտք է:
-Գնանք, բայց ու՞ր:
-Դե , կարող ենք  մոտակայքի պիցցայանոցը, նոր  է բացվել:
-Ուրեմն որոշվա՛ծ է:
Ժամը 4 անց էր ու արդեն պիցցայանոցի մուտքի մոտ ենք : Երևում է, որ բոլորը քաղցած են `ասեղ գցելու տեղ չկար:
-Բայց, ոնց որ ուզում են այն տղաները դուրս գան , սպասե՛ք:
Մինչև քայլերը ուղղում էինք դեպի սեղանը, երկու աղջիկ ,դիմացի մուտքից, մտնելով հասցրին  լինել ճի՛շտ ժամանակին, ճի՛շտ տեղում: Դե արի ու իրենց բացատրի, որ մինչև իրենց մտնելը դու արդեն մտովի տեղավորվել էիր այդտեղ: Ու այդ պահին ամեն ինչ իբր տեղին էր,  ընկերներիցս  Ֆրիդան ասաց.
-Ուշացանք ,մի քիչ շուտ գայինք կհասցնեինք:
Ինձ այդ րոպեին միայն դա էր պետք հաջորդ օրը էլ դասի չգնալու համար:
Հաջորդ օրը արթնացա ժամը15.25-ի սահմաններում: Անգամ չհիշեցի, որ դասի պետք է գնայի: Դեռ անկողնուցս  քնոտ մտքերը չէին հեռացել` ես միացրի ռադիոընդունիչն ու լսեցի.
-Ձեզ հետ էին Անին և Ավետը, մինչ վաղը:
Ու ես հասկացա, որ ուշացել եմ նորից:
Այդ րոպեին ներս է մտնում  մայրս, ինչ- որ բաներ քթի տակ մրթմրթում  ու  դուրս գալիս:
Ուզում էի ասել, որ  ուշացել է, բայց մի կերպ զսպեցի ինձ ու քնեցի:
Այսօր արդեն կիրակի է: Սենց թե նենց  քնելու եմ ու ոչ մի բանից չեմ ուշանալու:
Երկուշաբթի արդեն արդեն ուշացած արթնացա…

Комментариев нет:

Отправить комментарий