среда, 3 сентября 2014 г.

ԱՄԱՌԱՄՈՒՏ

Ու այն ամառը, որ ձգձգվում է,
Քարկապել էր ինձ այն ամռանը, որից սկսվեց,
Ու հիմա նորից ամառ, նորից ավարտ,
Նորից աշնան սկիզբ, թարմության սկիզբ,
Որ խեղդվել էր,տարիների ծխով մխացող թոքերում,
Որ այդուհետ հևհևում էին:

Մեկ քայլ, երկու քայլ, երրորդը ՝հետ:
Առանց սահմանի թռիչքներ,
Որ միայն թևերի հարվածներց ես զգում:
Ուժ, որոշված թռիչք,
Որ սնվում են անորոշության ջրով ու օդով,
Իսկ հողը պարարտ է
Ու թույլ է տալիս:

Քայլաթաթախ հողը զգում է հարթեցման կարիք,
Մեկ-մեկ անխնա են քայլում, կարծելով, որ ճամփա են հարթում,
Չնկատելով, որ հետևից քանդում են իրենցը,             
Տեղ բացելով սպասվող ջրափոսերին:

Ու շալակած տանում է մեզ բնությունը,
Համարելով, որ վերջացավ ամառը:
Մինչդեռ կան ձայներ, որ տատանում են  սանդղակը
Ու ամառը չի վերջանում

Ու նորից մեկ-երկու քայլ ... ու հետ:

воскресенье, 17 августа 2014 г.

ԱՐԾԱԹԱՓԱՅԼ ՄԵՐՍԵԴԵՍԸ

Ամառային արձակուրդները շարունակվում են, իսկ ես չէի հասցրել նկատել, որ անգամ սկսվել էր... Ամեն օր ճանապարհներին ու ամենօրյա ամառային տապը, որ կանգնեցնելով զարկերակի աշխատանքը, ներքին մի այլ զարկերակ է արթնացրել, որ շարժում է, դրդում, քայլ,  ձգտում դեպի Այն-ը: Իսկ այդ Այն-ը պարբերաբար հիշեցնում է այն քարերի մասին, որ կարող են խանգարել բնականոն հոսքին, կարող են առաջացնել կուտակումներ, դարձնել այդ ուժը քարոտ, որ ոչ թե կշարժի ,այլ կջարդի ամենը: Չնայած որ մեկ-մեկ այդ անընդհատյա պայքարը ձանձրացնող է և ուղղակի մեզ պետք են դադարներ, ֆունդամենտի հաստատման համար: Բայց դե վերջնարդյունքի սպասումը անհագ է...
Արդեն ինչ-որ բաների հասնելուց հետո աստիճանները ավելանում են և նոր կյանքեր պետք է հաղթահարես ապրելու համար: Հիմա անկեղծ հասկանում եմ համակարգչային խաղերի և կյանքի ընդհանուր օրինաչափությունը: Այնտեղ էլ ենք պայքարում կյանքի, հնարավորությունները չկորցնելու համար:
Լավ, ի վերջո ի՞նչ կապունի արծաթափայլ մերսեդեսը: -Ոչ մի, ուղղակի վերջերս հենց այդ տաքսին է ինձ տուն հասցնում՝ տարված 90-ականների երաժշտությամբ և ռոմանտիզմով: Իմ ծնողներն էլ երևի այդ երաժշտության ներքո են սիրահարվել ու հիմա էլ սիրում են, որովհետև զգացի դա:
Մաքսիմում ուժասպառ վիճակում 3-4 երգ հասցնում էին ինձ տուն ճանապարհին տեղ-տեղ իջեցնելով այնտեղ, որտեղ չեմ եղել, բայց կամ ու կուզեի լինել: Մեր կյանքին պակասում է այդ ռոմանտիզմը: Չոր, պրագմատիկ դատողությունները թուլանում են այն շոգից, որ իրականում փոխհատուցում է: Եվ սկսում է Այս երաժտությունը... Այս թևերը... որ իրականում ուժ են:
 Տեսա մանրուքներ, որ մատնանշում են գեղեցիկը, այլ ոչ թե շքեղության մեջ դետալ դարձնում Այն: Տեսա այն լույսը, որ այսօրվա փարոսն է եղել, իսկ հիմա ուղղակի սովորական լամպ է: Տեսա այն տրասպրտային միջոցը, որ ժամանակին հասցրել է դեպի սիրելին, իսկ հիմա հասցնում է բարձունքներ, որտեղ մենակ ես:
Տեսա այն կնոջը, որ թաքնված է շրջազգեստի անթափանց դարսերում, իսկ հիմա տեսնում ենք շրջազգեստից առաջ: Եվ տեսա այն տղամարդուն, որ խորն , իսկ հիմա՝ տեսանելի: Եվ ի վերջո տեսա ինձ, երբ ծնողներիս յուրաքանչյուր ապրում ամրապնդվում էր հյուսվածքներում, որոնք արդեն  պնդացել են ու փոխանցվել ինձ, իսկ ես երևի պլատոնական աստղերից մեկի վրա էի, կամ էլ բջջում լողացող մի մոլեկուլ, որ սպասում էր իր հերթին:
Ու սա դեռ առաջին մասն էր, այդ օրվանից ասես ժամը ֆիքսած լինեի, իսկ տաքսին էլ՝ ինձ: Մեր հանդիպում արդեն սպասված էր:
Ու էսքանը այդ արծաթափայլ մերսեդեսի պատճառով, չէ շնորհիվ.. երևի սպասեմ ու մեկ անգամ էլ նստեմ Այն...

вторник, 15 июля 2014 г.

59 կմ ճանապարհ, որ հասցրեց ինձ ինձ մոտ

Միշտ խոսում ենք, գնահատում արժեքներ, որոնք վեր են մեզնից,
Ծեծում ենք խոսքեր՝ մոռանալով որ արդեն սպանել ենք կենդանին,
Հաճախ Հայր Մերը այնքան արագ ու ինքնաբերաբար ենք ասում, որ նույնիսկ ժամանակն է սկսում զգալ ու վախենալ կյանքի կարճությունից:
Անգամ բառերն ենք շփաթում, որոշները մոռանում ու վերջում նույնիսկ սխալ ուղությամբ խաչակնքում, հետո խոնարհաբար իջեցնում ենք պարտավորված քողը մեր գլխից ու ետ-ետ քայլերով դուրս գալով գոռում, որ մենք քրիստոնյա ենք
-Որտեղ տեսա՞ք,- երևի թանկարժեք քողից կամ էլ հոտի մեջ չտարբերվող աղոթքներից հասկացաք, -երևի, չէ, հաստատ…
Միշտ մտածել եմ. « մարդիկ, որ այդքան աղոթում են, երբևէ զգում են դա, թե ուղղակի ծրագիր է տրված և մենք էլ թագն  ենք տեխնո-աշխարհի, միգուցե... միգուցե և ոչ..»
Այսօր հասկացա . որ եթե զգային, այդքան չէին կեղծի …
Ինքնուրաց հավատացյալի մոտ անգամ զգայարաններն են ֆորմալ ու գնահատվում է այդ ամենը նորմալ՝ մոռանալով, որ աննորմալներն են գնահատում…
Բոլորս խելագարի պես աղոթում ենք, գոռում Հայր Մեր, սրանից էլ տուր, սրանից էլ, այն մեկն էլ ու վերջում մոռանում շնորակալությունը, չնայած երևի պետք էլ չի… Բայց չէ որ լռության մեջ է հենց այն, ինչի համար մենք իրականում գնում ենք, չէ որ մեզնից և ոչ մեկը երբևէ չի գոռա եկեղեցում, որ մարդ է սպանել, վիրավորել, կամ որ նախանձ է և չար, բայց եթե անգամ հանկարծ մի օր, պատահմամաբ նման բանի ականատես լինեք, հավատացեք դա ավելի շուտ ռացիոնալիզացիա է, քան իրականություն:
Անգամ աղոթելիս ենք մեզնից հեռու, այլապես չինք դիմանա մեր իսկ ճնշմանը: ՈՒ այսպես տեսել, սովորել էի աղոթել, բայց նորից եմ ասում ՍՈՎՈՐԵԼ:
Նստած սկսեցի հաշվել ու մոտ 3 տարի ու մի քանի ամիս է համարյա թե չեմ աղոթել ու չեմ էլ հիշում ինչով եմ այն լցրել…. հիմա հասկանում եմ, որ պատրաստվում էի (թերևս ինկուբացիոն շրջանը ավելի հետաքրքիր էր) ու հիմա պատրաստեմ!
Արագածի անջուր ու եղնջապատ լանջերը, անվերջանալի թվացող ստորոտները, երեխաների ամեն բարձունքին ավելի արագ թփթփացող սրտերի ձայնը, ավելի էին ամրապնդում այն, որ միայն իմ երազանքի համար չեմ այստեղ..
Խորհրդավորությունը մեծ էր. այնքան, որ մի քանի քայլ հետ ընկա խմբից ու եղինջի ծակոցից սկսեցի փորփրել մի հիշողություն, որտեղ ես ամենևին բարձրացողը չէի..
Զառիթափերը երբեմն 0-ականացնում էին ուժերս ու մինչ մի եղինջ նորից ծակում էր՝ ստուգելու՝ ուր եմ հասել, ու շարունակում էի…
Արդեն 10-15 րոպե կլիներ, երբ հասել էինք, միայն հիշում եմ, որ գետնի սռնությունից աչքերս բացեցի ու հասկացա , որ անսովոր վայրում եմ, ավելի ճիշտ անսովոր ձևով եմ. կիսապառկած եկեղեցու սառը քարերին, որտեղ չկա մոմավաճառ, որը դեռ շեմքից ներս չմտած մտածում է ոնց այսօր ավել քանակ վաճառի, քահանա, որ չի սպասում, երբ ես նվիրատվություն անելու ինձ համար միշտ անհասկանալի՝ եկեղեցում դրված արկղներում.. միայն երեխաների ծարավից չորացած ձայներից միահյուսված եկեղեցական երգերն էին ու  մենք, մեր նպատակները, որի արդյունքն ենք հիմա:

Այսքան անկեղծություն, պարզություն, անշահախնդրություն մի տեսակ ինձ մի պահ թվաց, որ նորից իմ այլընտրանքային աշխարհում եմ, բայց ոչ..եղինջի հերթական ծակոցը հաստատեց, որ՝ ոչ…
Ես վաղուց փնտրում էի այն պահը, երբ մտքերիս հետ անկեղծ կլնեմ:

                                                                                                                                       © ջեյմսունի