вторник, 20 ноября 2012 г.

Շնչակտուր երջանկություն


Բաժակն ընկավ ձեռքիցս …
-Չարը խափանվեց, - ջղայնությունը հազիվ զսպելով` ժպտաց մայրս:
Ախորժակս փակվեց ու եկա համակարգչի մոտ: Անիմաստ բաներով էի զբաղված, հետո բացեցի գիրքն ու սկսեցի կարդալ: Կարդում էի մտածում… այնքան խորացա, որ մառացա ինչի մասին էի կարդում,նորից հետ թերթեցի էջերը: Դա ավելի խանգարեց. հետ թերթեցի ոչ միայն գրքի էջերը… Անընդհատ գլխումս պտտվում էր ընկերոջս պատմությունը: Ինչու՞, որովհետև պատմությունները նույնն են , տարբեր են կողմերը ու այդքանով էլ տարբեր են  և պատմությունները: Լսելով նրանը հասկանում էի իմ պատմությունը ու  հասկանում , որ նույն վերնագիրն ունեն` շնչակտուր երջանկություն :  Միայն բովանդակությունն է տարբեր..
Չէ-չէ ավելի շուտ միայն վերնագիրն է նման: Չգիտեմ , խոսելիս զգում էի, թե մեզանից յուրաքանչյուրը, որքան շնչակտուր է սպասում երջանկությանը, այնքան շնչակտուր, որ երևի ունենալու դեպքում չենք էլ զգա: Էջերը թերթում էի ու մտածում` ինչի չենք գիտակցում , թե երբ ենք  մոտենում երջանկությանը կամ երբ ենք երջանիկ. ու ավելի շատ  սպասում ենք երջանկությանը, քան զգում` դա : Երևի երջանկությունը հենց այդտեղ է, ուղղակի մենք ենք շնչակտուր սպասում  …
Տասնյոթերորդ գլուխն ավարտեցի: Հիմա պիտի սեղանն հավաքեմ: Շնչակտուր սպասում եմ… 

среда, 14 ноября 2012 г.

Մեկ շնչառություն, մեկ քայլ...



-Մա՛մ, դուրս եմ գալիս արդեն: Էլի ուշ եմ գալու սեմինարի եմ, կզանգեմ…
Լսվեց ընդամենը` “ես քեզ սիրում եմ”, ու արդեն դրսում էի…
Դե ժամը յոթին դեռ մթնած է ու հնարավոր է այդքան երազած մութ փողոցները տեսնել հենց մթության մեջ:
Ես համարյա միշտ ուշադիր եմ: Այդ օրը հասկացա , թե ինչքան ուշադիր եմ եղել, որ չեմ նկատել կարևորը
Չնայած մարդիկ կարևորը երբեք չեն էլ նկատում, ուղղակի միշտ խոսում են դրա մասին:
Արդեն ցուրտ է .. ու մանավանդ այդ ժամերին ավելի է սրվում: Չգիտեմ ինչից էր, որ ամեն ինչն էի դիտում այդ առավոտ` տերևները, մթոտ լույսերը, շենքի միակ պատուհանից  ծխող մարդը/ի դեպ  սկսել եմ հաճախ տեսնել նրան/….
Բայց ամենատպավորիչը ես էի: Որովհետև երբեք այսքան խորը չէի եղել: Էդ րոպեին մի տեսակ դիսկոմֆորտ զգացի, բայց հիմա սիրում եմ այդ վիճակը: Ես սկսել էի լսել շնչառությունն ու քայլերս.. և ոչ միայն լսել: Ինձ դուր էր գալիս, երբ տրորում, ացնում էի տերևները, երբ սառը օդը նույնքան հաճույքով էլ ծակում էր կոկորդաս…
Մեկ շնչառություն, մեկ քայլ, հետո նորից մեկ շնչառություն , մեկ քայլ ու այդպես այնքան մինչև վերածվեցին ակորդի ու արդեն գիթառս էլ է  դա զգում ու սիրում…
Այդ ամենը շարունակվեց այնքան մինչև լսվեցին մարդկանց քայլերն ու շնչառությունը…
Էլ չեմ լսում ինձ…սպասում եմ առավոտվան..
-Մա՛մ, ես գնացի…

среда, 7 ноября 2012 г.

Շնորհավոր ծնունդդ…




















Եթե լինեիր` անդառնալին կլիներ ներկա, ես կվազեի, կգրկեի ու կասեի շնորհավոր…
Եթե շնչեիր ` գրկելիս կզգայիր այն, ինչ հիմա պատկերացնում եմ,
Եթե խոսեիր`մաղթանքներս անհասցե չէին մնա,
Եթե տեսնեիր`այսքան անհանգիստ չէի լինի…
Եթե  քնեմ ու մոռանամ` ծաղիկների փունջը , բնությունը առաջինը  կշնորհավորի,
Այն ծաղիկների, որոնք ավելի մոտ են հիմա քեզ, քան ես,
Այն բնության, որ հաղթեց,  “տապալեց” քեզ:
Իսկ մինչ բնության շնորհավորանքը, շնորհավորում եմ ես,
Թող առաջինը ես շնորհավորեմ, չէ՞ որ առաջինն եմ,
Թող բացառություն լինի այս անգամը,
Թող գոնե հիմա  առաջ ընկնեմ ու հաղթեմ բնությանը…
Շնորհավոր ծնունդդ…

понедельник, 5 ноября 2012 г.

Վարսիկի աշունը


-Ուշադիր՞ ես… Տե՛ս, փախչու՛մ է, թաքնվում այն ծղոտե տանիքի տակ, ու թվում է` պաշտպանվում է: Դե՛ն նետիր այդ փայտը, նրան վախեցրիր, իսկ հայացքդ, հայացքդ անդունդների խորությունն ունի, նա վախենում խորությունից,-ասաց Վարսիկը դողդողացող ձայնով:
Արևածագի ծակող լույսը մտավ սենյակ, ճեղքեց անձրևաջրից տարբեր նախշեր ստացած ապակին ու արթնացրեց ինձ:
-Վարդի, դեռ քնա՞ծ ես:
-Արդեն , չէ: Ինչու՞ ես այսքան շուտ արթնացել, այսօր կիրակի է:
-Ինչպես ամեն կիրակի դու մոռանում ես ինչու եմ շուտ արթնացել, այսօր ինձ տանելու ես այգի, որ խաղամ դեղձանիկների հետ, նրանք սպաասում են ինձ:
-Վարս, ախր սա միակ իմ ազատ օրն է, ես հոգնած եմ ու ցանկություն չունեմ տեսնել այդ անկյանք ու փոքր թռչուններին, որ չգնանք, նրանք չեն էլ նկատի դա…
-Բայց, ախր..
-Ոչ մի ախր, գնա՛ , գնա՛, դաշնամուրիդ դասերը սովորիր՛:
-Ախր, նրանց խոստացել էի,- քթի տակ խոսելով ու մտամոլոր դուրս եկավ սենյակից:
Վարդին քնեց ու կեսօրին նոր դուրս եկավ սենյակից: Բոլորը վաղուց արդեն ճաշել էի ու հիմա պատրաստվում էին վայելել խոտաբույսերով թեյը: Միայն Վարսը չկար:
-Ու՞ր է Վարսիկը, մա՛մ:
-Չգիտեմ , սենյակից դուրս չի գալիս, ասում է զբաղված է:
-Պարզ է, իսկ քեռի  Սենիկը բերե՞ց այն երկու հանրագիտարանները:
-Այո՛, դրանք Վարսիկի մոտ են:
Շունը մոտեցավ ու սկսեց քսմսվել Վարդիին:
-Կորի՛ր, զզվելի՛ կենդանի. մի՞թե չեն հասկանում, որ զզվելի են ու խանգարում են, հեռու՛ քաշվիր,-ոտքով մի կողմ նետեց խեղճ կենադանուն ու  բարձրացավ վերև:
Վարդին դեռ փոքր տարիքից չէր սիրում կենդանիներ, թռչուններ ու միշտ վերաբերում էր նրանց` անկենդան ու անզգա մարմինների:
-Վարսի՛կ, վերևու՞մ ես:
Ձայն չկա, մոտեցավ դռանը:
-Վարսի՛կ, բացի՛ր դուռը, դասերդ ստուգելու եմ եկել:
Մտավ սենյակ:
-Վա՛րս, ինչո՞վ ես զբաղված, ինչու՞ մինչև հիմա չես արել ոչինչ, փոխարենը զբաղվում ես այս հիմարություններով: Հանրագիտարանում ավելի հետաքիր բաներ կան, քան դեղձանիկի նկարները, արի՛, արի գնանք պարապենք:
-Վարդի, ախր հասկանում ես, որ ես սիրում եմ նրանց ու ես պատրաստվում էի գնալ նրանց մոտ, ես սպասում էի ամբողջ շաբաթ այսօրվան, նրանք էլ սպասում էին ինձ: Հիմա երևի նեղացել են…
-Ինչ հիմարություններ… Վարս հասկանում ես, այդ քո սիրելի դեղձանիկները հիմա երևի թռչկոտում են, ու ինչ նեղանալու մասին է խոսքը, նրանք չունեն մարդկային ուղեղը, չունեն բանականություն և ոչինչ չեն հասկանում: Եթե այդքան շատ ես ուզում վաղը դասերից հետո կգնանք ու կխաղաս նրանց հետ:Միայն թե հիմա արի պարապենք:

Վարսիկը նորից ուրախացավ, նա նորից սպասում էր վաղվան, բայց արդյոք դեղձանիկները նույնպես սպասում էին… Ամբողջ գիշերը Վարսիկը խաղեր էր մտածում, հուզմունքն այնքան ուժեղ էր , որ մթությունն անգամ չխանգարեց պատկերացնել հաջորդ օրը: Առավոտյան արդեն ժամը ութին նա պատրաստ էր:
-Վա՛րս, չմոռանաս անձրևանոց վերցնել , ինչ-որ ամապամած է:
-Հիմա…
-Անց տասնհինգ է , Վարս, մի քիչ արագացրու ես դրսում սպասում եմ:
Ժամանակը չէր անցնում, Վարսիկը անընդհատ ժամին էր նայում: Երբ զանգը տվեց նա կայծակի արագությամբ դուրս թռավ, այնպես, որ մոռացավ տետրը հանձնել:
Վարդին սպասում էր նրան մեքենայի մեջ: Աշնան մեղմ անձրևը չէր խանգարում ոչ մեկին: Մոտավորապես ժամը երեքին հասան այգի: Անսովոր աշնանային լռության մեջ միայն անձրևի կաթկթոցն էր լսվում, իսկ դեղձանիկները դեռ չհասցրած աչքերը փակել արդեն քարացել էին:
Վարսիկը սռած նայում էր երկու դեղձանիկներին: Անձրևի կաթիլները խառնվել էին արցունքի հատիկներին ու դեմքի  վրայով հոսում էին  առանց ընդհատումների: Վարդին կանգնած նայում էր ու տեսնում, որ սպանել է,  սպանել է աշունը, սպանել է այն աշունը, որին սիրում էր Վարսիկը, իսկ Վարսիկը, Վարսիկն էլ իր աշունն էր…

"Ուշադիր՞ ես… Տե՛ս, փախչու՛մ է, թաքնվում այն ծղոտե տանիքի տակ, ու թվում է` պաշտպանվում է: Դե՛ն նետիր այդ փայտը, նրան վախեցրիր, իսկ հայացքդ, հայացքդ անդունդների խորությունն ունի, նա վախենում խորությունից...."